PanARMENIAN.Net  Պայքարը արաբական աշխարհի ծայրահեղականացման դեմ Ռուսաստանի ու ԱՄՆ ընդհանուր խնդիրն է Սիրիայի հարցում, երկուշաբթի CNN հեռուստաալիքին հայտարարել էԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:


«Ի վերջո մենք Ռուսաստանի հետ կարող ենք ընդհանուր նպատակներ դնել, քանի որ այժմ բախվում ենք այնպիսի հարցի, ինչպիսին է Սիրիայի հարցը, որտեղ, ինչպես ես եմ կարծում, երկու երկրները մեկ խնդիր պետք է ունենան՝ դա արաբական աշխարհի ծայրահեղականացման դեմ պայքարն է»,- ասել է Քիսինջերը: «Ծայրահեղական արաբական աշխարհը կտարածվի դեպի Ռուսաստան, մինչև որ հասնի մեզ»,- գտնում է նախկին պետքարտուղարը, հայտնում է RIA Novosti գործակալությունը:


Քիսինջերը նաև հայտարարել է, որ սատարում է Բարաք Օբամայի առաջարկած Սիրիայումսահմանափակ ռազմական միջամտության մասին որոշմանը: «Նախկինում ես դեմ էի ամերիկյան ռազմական միջամտությանը և հրապարակավ էի խոսում այդ մասին: Բայց այստեղ խոսքը զանգվածային ոչնչացման զենքի մասին է, ինչը կարող է հետևանքներ ունենալ նաև Սիրիայի սահմաններից դուրս…Այդ պատճառով և զանգվածային ոչնչացման զենքի կիրառման համար պատժելու նպատակով ես սատարում եմ նախագահ Օբամայի պահանջին»,- ասել է 90-ամյա նախկին պետքարտուղարը: Ընդ որում, Քիսինջերը քննադատել է Օբամային՝ թույլտվության նպատակով Կոնգրեսին դիմելու համար:


Քիսինջերը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի և ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք: Դա առաջին դեպքն էր, երբ նույն մարդը միաժամանակ այս երկու պաշտոններն է զբաղեցրել: Ջերալդ Ֆորդի օրոք Քիսինջերը շարունակել է ծառայությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:
Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել:


Նախօրեին ռուսական ԱԳՆ-ն առաջարկեց սիրիական կողմին իր քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողության, ինչը թույլ կտա խուսափել ռազմական միջամտությունից: Դամասկոսն արդեն ողջունել է այդ նախաձեռնությունը: Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում մի քանի անգամքիմիական զենքի կիրառման մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում, երբ 1400 մարդ զոհվեց: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: