Aravot.am  Գյումրու հին ու նոր իշխանությունների միջև սկսվել է դաժան պայքար քաղաքի ամենաեկամտաբեր բիզնեսի՝ ավտոկայանատեղերի կազմակերպման համար: Գյումրու ներկայիս իշխանությունները դատի են տվել Վարդան Ղուկասյանի մերձավորին' Տարոն Գասպարյանին 'պահանջելով չեղյալ համարել քաղաքի նախորդ իշխանության կողմից նրան 99 տարով վարձակալության հանձնված հողատարածքների համար կնքված պայմանագրերը: Վերջինս այդ հողատարածքներում ավտոկայանատեղեր է հիմնել' մեծ գումարներ աշխատելով: Այս վեճը այժմ լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 

Փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց խնդիրը. «Քաղաքապետարանը հայց է ներկայացրել, քանի որ այսօր չարաշահումներ են տեղի ունենում այնքանով, որքանով ավագանու կողմից հաստատված 14 միլիոն դրամը, որը պետք է վճարովի ավտոկայանատեղերից քաղաքի բյուջե մուտքագրվի և ծախսվի համայնքի կարիքների համար, ընդամենը մեկ անձի կողմից անհիմն կերպով սեփականացվում է: Դրա համար հիմք է հանդիսացել հողի կառուցապատման իրավունքով պայմանագրի կնքումը: Իհարկե, այս հարցն ունի և իրավական և բարոյական նկարագիր. ես առաջին հերթին ուզում են ներկայացնել բարոյական նկարագիրը, որպեսզի իրավական մեկնաբանության ժամանակ ավելի ըմբռնելի լինի:

 

Ընդհանուր օգտագործման հողամասերը, որոնք Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով է նախատեսվում, տրվում է միայն կառուցապատման իրավունքով: Դրա նպատակը ո՞րն է, կառուցապատման նպատակով տրամադրված հողամասը, որպես կանոն, ընդհանուր օգտագործման է, այսինքն համայնքի յուրաքանչյուր քաղաքացի էդ հողամասից օգտվելու հավասար մատչելիության իրավունք ունի: Մեկը մյուսի հանդեպ առավելություն չունի, և որևէ մեկը չի կարող ասել, դրա համար օրենսդիրը արգելել է վարձակալության տալ ընդհանուր օգտագործման հողամասը, որպեսզի վարձակալը չասի' իմ վարձակալության իրավունքից է բխում, և եթե էդ տարածքով քայլեցիր, ինձ փող պետք է տաս, կամ մեքենադ կանգնեցրեցիր, ինձ փող պետք է տաս, այսինքն' անաշխատ եկամուտով զբաղվի:

 

Հենց էդ պատճառով կառուցապատման իրավունքով է տրվել ընդհանուր օգտագործման տարածքը, որը իր մեջ ենթադրում է հետևյալը.կառուցապատել էդ տարածքը , այսինքն' ներդրում կատարել և օգտագործել էդ գույքը, ոչ թե հողը: Էսօր ի՞նչ է տեղի ունենում, ընդամենը հողը օգտագործվում է ավտոկայանատեղի նմանակող իմիտացիայով և փող է վերցվում և դա անձնական սեփականություն է համարվում» , -ասաց Գուրգեն Մալխասյանը: Aravot.am–ի այն հարցին'հաշվարկե՞լ են' ինչքան վնաս է հասցնում Տարոն Գասպարյանը համայնքին, փոխքաղաքապետն ասաց'առնվազն 14 միլիոն դրամ, սակայն, ըստ նրա, երբ համայնքը սկսի օգտագործել ու իրական փաստեր ձեռք բերի այս բիզնեսի եկամտաբերության մասին, վերջնական թիվը կհրապարակի հենց այդ ժամանակ:

 

Հիշեցնենք, կան տեղեկություններ, որ Տարոն Գասպարյանի անվան տակ այդ 15 ավտոկայանատեղերը աշխատեցնում է հենց Վարդան Ղուկասյանը, շահույթը գնում է նրա գրպանը: Մինչդեռ, ըստ փոխքաղաքապետի, ավտոկայանատեղին միայն ու միայն պիտի ծառայեցվի ի շահ համայնքի, քանի որ դա հանրային օգտագործման տարածք է, և այդտեղից ստացած եկամտով պարտավոր են հոգալ հանրության կարիքները:

 

Հեղինակ`  Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ