Պարզվում է, որ քաղաքական դաշտի հետընտրական պարապուրդը որոշակի դրական կողմ ունի, հետընտրական քաղաքական կյանքը նշանավորվում է կոռուպցիոն սկանդալների պայթյունով՝ դրանից բխող որոշակի հետևանքներով:

 

Մի կողմ թողնենք արդեն մոռացության մատնված օֆշորային սկանդալի մասին հրապարակումները՝ հաշվի առնելով, որ այնտեղ խառն է Աստծո մատը (անքննելի են գործերն Աստծո), և անդրադառնանք մեկ այլ, շատ կարևոր թեմայի: Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյայի աներ, զոքանչ, բաջանաղ, քենի լինելը նորանոր հնարավորությունների դաշտ է բացում այդ անձանց համար: Նրանց հսկայածավալ ունեցվածքի տեր դառնալու հնարավորությունը գրեթե սահմանադրական նորմ է դարձել: Ուսումնասիրեք ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի հարազատի ունեցվածքը' հաստատ ավելի հարուստ են, քան իրենց իրական «ստնտուն»: Դա նրանից է, որ նախնական կապիտալի ծագման մասին հարցին պատասխանալիս չինովնիկները արտաբերում են այնպիսի անհասկանալի բառակույտ, որ ուղղակի անհնար է պատկերացնել: Աշխարհի ամենահարուստ երկրների շատ ու շատ պաշտոնյաներ կերազեին ունենալ նմանատիպ խոշոր կապիտալ, ուստի, շատ հաճախ, մեր չինովնիկները իրենց հսկայածավալ ունեցվածքը ձևակերպում են իրենց հարազատ - խնամի - բարեկամների անուններով, ընդ որում, հաճախ դիզված հարստությունը այնքան շատ է, որ ստիպված են օգնության կանչել մինչև «յոթը պորտ» արյունակիցների ամբողջ բանակը:

 

Եվ ընդհանրապես, խղճալ կարելի է հայ պաշտոնյաների անզոր կմկմոցների վրա, երբ նրանք ստիպված են լինում որևէ հոդաբաշխ բացատրություն գտնել ունեցվածքի ծագման մասին հարցերին: Մեկի անչափահաս վունդերկինդը, ցուցաբերելով ութերորդ դասարանցուն անսովոր ճարպկություն, ձեռք է բերում հսկայական բիզնեսներ, մյուսի ալեհեր զոքանչը, յոթանասունը թամամելուց հետո, որոշում է զբաղվել բիզնեսով, մյուսի աներձագի գործարար ընդունակությունները, չգիտես ինչու, ի հայտ են գալիս փեսայի՝ բարձր պաշտոն ստանալուց հետո, իսկ մեկ այլ պաշտոնյայի աները, մի օր հոգնելով գերանդի քաշելուց և գոմում թրիք մաքրելուց, որոշում է դառնալ օլիգարխ...


Ինֆորմացիոն արագությունների այս դարում, երբ անգամ մարդկանց արտաամուսնական կապերի մասին կարելի է տեղեկանալ համացանցից' օն-լայն եղանակով, պետությունը պետք է սկսի ինքնամաքրման քայլեր ձեռնարկել: Նմանատիպ մարդիկ պետք է հեռանան կառավարման ապարատից: Միևնույնն է՝ նրանց բոլոր չարաշահումները վաղ թե ուշ բացահայտվելու են...


Ժողովրդական լավ խոսք կա՝ թաքուն ցուլ եկողը աշկար ծնում է (թաքուն հղիացողը բացահայտ ծննդաբերում է)...


Ինքնամաքրվեք...

 

Վարուժան Բաբաջանյան