Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Վորլիքին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ: