Կարեն Կարապետյանի գրասենյակի տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

 

«Մի երկու նորելուկ լրագրողներ այսօր հանկարծ ու վերստին վերհիշել էին տարիներ առաջվա մի միջադեպ՝ կապված ԱԺ պատգամավոր, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ: Ընդ որում, հիմնականում այն լրատվամիջոցների ներկայացուցիչները (իսկ դրանց թիվը մեծ չէ, հազիվ մի ձեռքի մատներով կարելի է հաշվել), որոնք անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ դիտավորությամբ ու հետևողականորեն «թարմացրել» են այդ թեման՝ գրեթե միշտ խուսափելով անդրադառնալ Կարապետյանների ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի բազմաթիվ բարեգործական ծրագրերին:

 

Ուշադիր ընթերցողը կարող է հանգիստ համադրել այդ մի քանի լրատվամիջոցների անունները, որոնք, բարեբախտաբար, որակ չեն կազմում, ու իրական պատկերացում կազմել դրանց անաչառության մասին: Ընդ որում, ցանկության դեպքում կարող էին նաև անդրադառնալ, թե իրականում ինչ է եղել «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ (որից հետո, եթե չեք մոռացել, ի պատիվ ՀՀ նախագահի, լուծվեց նրանց մի քանի ամսվա աշխատավարձերի խնդիրը), ինչպես է վիրավորել քաղաքացին, որ այդպես զայրացրել է հանգիստ ու հավասարակշիռ բնավորություն ունեցող Կարեն Կարապետյանին: Եթե նման կարգի լրատվամիջոցների «տերերի» համար գուցե վիրավորական չի կաշառակեր բառը, ապա Կարեն Կարապետյանի համար դա անձնական շատ մեծ վիրավորանք է, շատ ավելի մեծ վիրավորանք, քան ցանկացած այլ որակում:

 

Ստացվում է, որ ինչ-որ մեկը հանգիստ կարող է անձնական վիրավորանք հասցնել պաշտոնյային, քաղաքական գործչին, բայց վերջինս պետք է «կուլ տա» այդ վիրավորանքը, քանի որ պաշտոնյա է: Չի կարող այդպես լինել, առավել ևս, որ կոնկրետ Կարեն Կարապետյանն իր ողջ կյանքն ապրել է այնպես, որ որևէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող մեղադրել նրան կաշառակերության մեջ: Գուցե շատ մեծ ցանկության դեպքում այլ մեղադրանքներ կարող են հասցեագրել Կարեն Կարապետյանին, միայն երբեք ոչ կաշառակերություն: Ընդ որում, վստահաբար այդ մասին գիտեն բոլորը, նաև նրանք, ովքեր անիմաստ փորձեր են անում գցել նրա բարձր վարկանիշը: Ավելին, հենց Կարապետյանի համար է կաշառակերությունն ամենաանընդունելի ու պարսավելի երևույթներից մեկը:

 

Հենց այդ նկատառումներից ելնելով էլ այսօր պարոն Կարապետյանը շատ պարզ բացատրել է լրագրողներին (որոնց գերակշիռ մեծամասնության հետ մենք ունենք բնականոն, ընկերական, ջերմ հարաբերություններ), որ իրեն անձնական վիրավորանք հասցնողները անպատասխան չեն մնալու: Միևնույն ժամանակ զգուշացնում ենք, որ մանրամասն ուսումնասիրում ենք վերոնշյալ մի քանի լրատվամիջոցների ու հատկապես ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողների պահվածքի իրական պատճառները՝ հասկանալու՝ որքանով են դրանք ուղղորդված որոշակի ուժի կամ պաշտոնյայի կողմից, կամ որքանով են դրանք ինքնագործունեության արդյունք՝ Կարեն Կարապետյանից ինչ-որ բան «պոկելու» մտադրությամբ: Շատ պիտի ցանկանայինք, որ մի քանի լրագրողներ, որոնք ուղղակի իրենց կենսապահովման խնդիրն են լուծում, չվարկաբեկեն լրագրության հանրույթը, և չփորձեն երկրում առկա իրական խնդիրներից շեղել հասարակության ուշադրությունը:

 

Մենք, իհարկե, այս անգամ էլ կարող էինք անտեսել ցանկացած մանր-մունր երևույթների կողմից ուղղորդվող նմանատիպ «ակցիաները», սակայն հաշվի առնելով, որ ժամանակ առ ժամանակ սա ստանում է համակարգված բնույթ, հարկ ենք համարում մեկ անգամ ու ընդմիշտ փակել այս թեման: Ակնհայտ դիտավորության նոր դեպքերի պարագայում մենք մեզ իրավունք կվերապահենք հասարակությանն իրազեկել իրականության մասին՝ ընդ որում, արդեն անվանապես: Ավարտելով՝ ընդամենը խորհուրդ ենք տալիս՝ ձեռքերը չմտցնել մեղվի փեթակի մեջ...

 

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ