Դեբորա Ուայլդ (ազատ լրագրող).
-Պարոն Նալբանդյան, Դուք որոշում կայացրեցիք հօգուտ Մաքսային միության: Որքան ես հասկանում եմ, Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրին, հնարավոր է, հետևեր ԵՄ-ի կողմից կազմակերպված Դոնորների համաժողովը, որը կարող էր խոստանալ հսկայական ներդրումներ և մեծ ֆինանսական ներհոսք։ Դուք հրաժարվեցիք դրանից՝ չընտրելով Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրը: Ձեռ կառավարությունը հերքում է Ռուսաստանի կողմից որևէ ճնշում գործադրելը' համաձայնագրի ստորագրելուց հրաժարվելու նպատակով: Իմ հարցը հետևյալն է. ի՞նչ է առաջարկել ձեզ Ռուսաստանը՝ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց:
Էդվարդ Նալբանդյան.
-Խոսքը գնում է ոչ թե' ինչ է տվել Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու դիմաց։ Խոսքը գնում է այն մասին, որ Հայաստանը ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և այդ հարաբերությունների ծավալի մասին է խոսում նաև սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների արած հայտարարությունը, որտեղ խոսքը գնում է բոլոր հնարավոր բնագավառներում բավական խորը, լայն և սերտ համագործակցության մասին:
Մենք, Արևելյան գործընկերության նախաձեռնության, այս բանակցային գործընթացի, անգամ դրանից առաջ ասել ենք և ասում ենք, որ մենք պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների:
Ինչ վերաբերում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններին և Դոնորների կոնֆերանսին։ Դրա կազմակերպման վերաբերյալ մենք խոսում ենք արդեն մոտ 4 տարի, իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները սկսվել են մեկ տարի առաջ: Այսինքն' դրանք կապված չեն եղել, եթե հիմա, միգուցե, ինչ-որ առումով կապում են… ամեն դեպքում դրանք կապված չեն եղել:
Ինչպես ես արդեն ասացի, մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խոսում ենք այն եղանակների, ֆորմատների, հնարավորությունների մասին, որպեսզի հիմնվելով այն առաջընթացի, ձեռքբերումների վրա, որոնք գրանցվել են վերջին տարիներին՝ հնարավորինս առաջ շարժենք Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները: Հենց դրա մասին է ասում նաև պարոն Ֆյուլեն։