Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե քննարկվե՞լ է ԳՄ այսօրվա նիստում ՀՀ գլխավոր դատախազի հարցը, Շարմազանովը նշեց, որ կուսակցությունը այն մարմինը չէ, որը որոշում է ՀՀ գլխավոր դատախազին:

 

«Դա մեր լիազորությունների մեջ չի մտնում: Գլխավոր դատախազի հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ նստաշրջանի ընթացքում»,-ասաց Է. Շարմազանովը:

 

Անդրադառնալով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության թեմային' բանախոսը նշեց, որ այդ հարցերը կքննարկվեն ԱԺ-ում, երբ բոլոր քաղաքական ուժերը իրենց դիրքորոշումները կհայտնեն:

 

«Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է մտնել Մաքսային Միություն, իսկ ինչ վերաբերվում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակմանը, ապա այդ երկխոսությունը անպայման շարունակվելու է: Մենք հաջողությամբ ենք իրականացրել ՀՀ-ԵՄ երկխոսությունը: Թե ԵՄ-ի, թե ՀՀ-ի շահերից է բխում, որ քաղաքական երկխոսությունը շարունակվի»,-ասաց Է. Շարմազանովը:

 

Նրա խոսքերով, անհիմն են այն շահարկումները, թե մեզ ճնշում են, ինչի արդյունքում ՀՀ-ն անդամակցեց Մաքսային Միությանը:

 

«Այդպիսի բան գոյություն չունի: Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՌԴ-ն էլ մեր ռազմավարական դաշնակիցն է»,- նշեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

 

Ըստ նրա` ԳՄ բոլոր անդամներն էլ կողմ են արտահայտվել Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցությանը: