Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցած կրթության նախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել մասնակից պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսը:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ առաջին անգամ Հայաստանում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության անդամ երկրների ոչ պաշտոնական նախարարական գագաթաժողովը, որտեղ քննարկվել են կրթության օրակարգի խնդիրները: «Քննարկել ենք Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող կրթական բարեփոխումները, ԵՄ աջակցության հնարավորությունները:
Ընթացել է բաց և անկեղծ զրույց առկա խնդիրների ու հետագա համագործակցության մասին: Օրակարգային հիմնական հարցը Բոլոնիայի գործընթացով պայմանավորված բարեփոխումներն են, որը ընդհանրական խնդիր է ինչպես ԵՄ, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների համար»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը՝ շեշտելով, որ ընդհանուր նպատակը եվրոպական կրթական միասնական տարածքի զարգացումն է:
Նախարար Ա. Աշոտյանի խոսքով Արևելյան գործընկերության երկրները վաղուց եվրոպական կրթական տարածքի մաս են կազմում, իսկ կրթությունն այն եզակի ոլորտն է, որը թույլ է տալիս ունենալ հաջողություններ բոլոր ասպարեզներում: Ասուլիսին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսին, Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն, Ուկրաինայի կրթության և գիտության փոխնախարար Եվգենի Սուլիմային, Մոլդովայի կրթության փոխնախարար Լորետա Հանդրաբուրային, Բելառուսի կրթության և գիտության փոխնախարար Վիկտոր Յակժիկին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանի կողմից Եվրոպական ասոցացման համաձայնագիրը չստորագրելու դեպքում հնարավո՞ր է, որ ԵՄ-ն դադարեցնի կրթական ծրագրերի ֆինանսավորումը, Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն նշեց, որ Ասոցացման համաձայանգիրը չստորագրելը դեռ չի նշանակում, որ ԵՄ-ն խզում է բոլոր կապերը Հայաստանի հետ:
Պատվիրակները ներկայացրել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ կարևորելով Հայաստանի հաջողված փորձը Բոլոնիայի գործընթացում: Ի դեպ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի լիիրավ անդամ է 2005 թվականից և 2012-2015 թվականների համար ստանձնել է Բոլանիայի գործընթացի քարտուղարությունը: