Երևանի քաղաքապետարանի կողմից մայիսի 29-ին հայտարարված «Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ»-ին դեռևս ոչ մի հայտ կամ առաջարկ չի ներկայացվել: Tert.am-ն այս մասին տեղեկացավ Երևանի գլխավոր ճարտարապետի հանրային կապերի գծով օգնական Անահիտ Եսայանից:

 

Նա տեղեկացրեց, որ փոփոխվել է մրցույթի առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 29-ից տեղափոխվելով հոկտեմբերի 15-ը:

 

Թե ինչու մինչ օրս որևէ առաջարկ չի ներկայացվել, Անահիտ Եսայանը բացատրեց հետևյալ կերպ.«Մրցույթների պատմությունը ցույց է տալիս, որ առաջարկները վերջնաժամկետից մեկ-երկու օր առաջ են ներկայացվում: Ճարտարապետները մինչև վերջին օրը աշխատում են: Հոկտեմբերի 14-ից սպասենք առաջարկների»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, թե մրցույթը մի շարք ճարտարապետների կողմից քննադատության ենթարկվեց և գուցե հենց դա է պատճառը, որ մինչ օրս առաջարկներ չեն ներկայացվել, Անահիտ Եսայանը ասաց.«Չգիտեմ ինչի մասին եք ասում, բայց քննադատություններ միշտ էլ լինում են: Իսկ սա շատ լուրջ մրցույթ է ու մարդիկ մինչև վերջ գերադասում են աշխատել ու ճիշտ են համարում աշխատել: Սա ինչ-որ պրիմիտիվ բան չէ, որ շատ արագ բերեն ներկայացնեն»:

 

Ինչ վերաբերում է մրցույթի ժյուրիին, ապա Անահիտ Եսայանը տեղեկացրեց, որ այն կձևավորվի նոյեմբերի 5-ին և բոլոր այն ճարտարապետները, որոնք կմասնակցեն մրցույթին, բնականաբար ընդգրկված չեն լինի ժյուրիի կազմում: