ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի և Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համար անհասկանալի են Երևանի քաղաքապետարանի հայտարարած Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթի պայմաններն ու պատճառները, որի հանձնաժողովի անդամներն են իրենք:
Tert.am-ի հետ զրույցում Մկրտիչ Մինասյանը նշեց, որ քաղաքաշինական խորհրդի նիստերից մեկում նման հարցի քննարկում եղել է, բայց միայն տրանսպորտային բեռնվածությունից ազատելու տեսանկյունից: Նա նշեց, որ քաղաքապետարանի ներկայացրած մրցույթի պայմաններին միայն այսօր է ծանոթացել:
«Մրցույթի պայմանները, ամեն ինչ պետք է քննարկվեր նոր բաց թողնվեր, ես այսօր կարդացի, որ հանձնաժողովի անդամ եմ: Ես ուղղակի զարմացած եմ այս փաստաթղթից, որը բավականին հում է և խոսակցությունների առիթ կդառնա: Ինձ համար այստեղ շատ վտանգավոր նախադասություններ կան: Մրցույթը հայտարարել է քաղաքապետարանը, իհարկե կարող է հայտարարել, բայց նման համապետական նշանակություն ունեցող համալիրը որևիցե մրցույթի գնալու ժամանակ միայն քաղաքապետարանը բավարար չէ, պետք է մասնակցություն ունենա Մշակույթի նախարարությունը, ճարտարապետների միությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ, որի հանձնաժողովը կգլխավորի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Մրցույթի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը, քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին, մասնավորապես հաշվի առնելով մի քանի իրողություններ:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշեց, որ նման ծրագրի մասին մի քանի անգամ լսել է, սակայն տեղյակ չի եղել, որ մրցույթ անցկացնելու մտադրություն ունի քաղաքապետարանը:
«Ինձ համար անհասկանալի են վերակառուցման նպատակներն ու անհրաժեշտությունը: Մասնակիորեն հասկանալի է տրանսպորտի խնդիրը, բայց բազմաթիվ հարցեր կան, որ ես չեմ հասկանում, թե ինչ է ուզում այս մրցույթի ծրագիրը: Հարցը քննարկումների միջով չի անցել: Նպատակներին ես ծանոթացել եմ սևագիր վիճակում ու ասել եմ, որ բազմաթիվ խնդիրների հետ համաձայն չեմ»,- ասաց Սաշուր Քալաշյանը:
Ճարտարապետը նշեց, որ ինքը մասնավորապես համաձայն չէ այն հարցի հետ, որ հրապարակը կորցրել է իր ճարտարապետական կերպարը:
«Դա հուշարձանային համալիր է, որը օրենքով անձեռնմխելի պետք է լինի, այդ ի՞նչն են ուզում ձևափոխել, այդ հարցը հասկանալի չէ ինձ համար, հարցը պարզելու համար տեքստը պետք է համաձայնեցվի Մշակույթի նախարարության հետ»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը ևս հանձնաժողովի անդամ է, ինչը ենթադրում է, որ մրցույթը և պայմանները համաձայնեցված են նախարարության հետ, Սաշուր Քալաշյանը նշեց, որ ինքն այսօր խոսել է փոխնախարարի հետ և պարզել, որ նախարարությունն ընդամենը բանավոր է տեղեկացվել:
«Պետք է բողոքարկել այս մրցույթը: Տեքստը հանպատրաստից է արված ու քննարկված չէ, համաձայնեցված չէ, պետք է հարցը քննարկել նոր հրապարակել»,- ասաց նա: