Ճարտարապետները ոչ միայն չեն բոյկոտում Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի մրցույթը, այլև դրանով հետաքրքրված են առնվազն մեկ տասնյակ ճարտարապետներ, որոնք եկել և քաղաքապետարանից վերցրել են մրցութային ելակետային տվյալները:

Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանի հետ զրույցից:

Նա նշեց, որ մրցույթի պոտենցիալ մասնակիցներն ավելի շատ կլինեն, քանի որ ճարտարապետները կարող են իրենց տվյալները լրացնել նաև համացանցային տարբերակով:

«Թե ինչ առաջարկներ են արվել չեմ կարող ասել, որովհետև հիմա առաջարկներ չեն արվում, հիմա աշխատում են նախագծերի վրա: Մինչև օգոստոսի 20-ը մրցութային առաջարկները ներկայացնելու վերջնաժամկետն է, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը ժյուրին պետք է ամփոփի ներկայացված առաջարկները: Եվ ընդհանրապես, եթե անգամ վերջնաժամկետին ներկայացված լինեն առաջարկներ, չենք իմանա, թե ինչ առաջարկներ են, քանի որ փակ ծրարներով են գալիս»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ բազմաթիվ ճարտարապետներ, այս թվում՝ Հայաստանի ճարտարապետների միության նախագահը, դեմ արտահայտվեցին Երևանի քաղաքապետարանի հայտարարած Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթին, որի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը, քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին, մասնավորապես հաշվի առնելով մի քանի իրողություններ:

Ավելին՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտնել էր, որ այդ մրցույթի կայացման դեպքում Երևանը կգնա Անիի կործանման ճանապարհով:

Նկատենք, որ Անահիտ Եսայանը չնշեց, թե ովքեր են մրցույթին մասնակցող ճարտարապետները՝ ասելով, որ տեղյակ չէ։