Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագահությամբ ամփոփվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթը: Այն անցկացվել է երկու փուլով։
Մրցութային հանձնաժողովն առաջին օրը մանրամասն ուսումնասիրել է ներկայացված նախագծային առաջարկները և սահմանել գնահատման չափորոշիչները, որոնց մշակման աշխատանքներին հրավիրվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Հաջորդ օրը հանձնաժողովի անդամները, համաձայն չափորոշիչների, փակ, գաղտնի քվեարկությամբ կատարել են իրենց ընտրությունը:
Ըստ այդմ, որոշվել է ներկայացված մրցութային 14 առաջարկները գնահատել բալային համակարգով՝ ըստ մրցութային պայմաններին նախագծերի համապատասխանության, քաղաքաշինական իրադրության վերլուծության դիապազոնի, հայեցակարգի գաղափարախոսության, հատակագծային և ֆունկցիոնալ կազմակերպման, ճարտարապետական հորինվածքի միասնականության և պատմաճարտարապետական ժառանգության արժևորման:
Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին և չափորոշիչներին, ու քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակներ: Ըստ այդմ, խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն