Ազգերի առաքյալները Եվրոպայի նացիստական շրջափակման տարիներին հրեաներին փրկող ոչ հրեաներն են: Հազարավոր մարդիկ են մասնակցել հրեաների փրկության գործընթացին, չնայած որ նացիստները մահով էին սպառնում ցանկացած օգնության դեպքում: Միայն Լեհաստանում մահապատժի է ենթարկվել 2000 մարդ՝ հրեաներին փրկելու կամ օգնություն ցուցաբերելու համար:
Հրեաների ողջակիզման և հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի հիմնական խնդիրներից մեկն է Իսրայելի պետության և ողջ հրեա ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել այն ոչ հրեաներին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, փրկել են հրեաներին Աղետի ժամանակ:
«Ազգերի առաքյալ» կոչումը շնորհելու չափանիշները որոշվել են 1963 թվականին: Այդ ժամանակ սկսեց գործել հասարակական հանձնաժողով, որը գլխավորում էր Իսրայելի Գերագույն դատարանի դատավորը, և որը քննում էր յուրաքանչյուր կոնկրետ դեպք, որոշում կայացնում և պատասխանատվություն կրում այդ կոչումը շնորհելու համար: Կոչմանն արժանացողները ստանում էին մեդալ և պատվոգիր, իսկ նրանց անունները հավերժացվում էին Յադ Վաշեմում՝ Երուսաղեմի Հիշատակի սարի վրա:
Նախագծի մասնակիցներն ամեն կերպ ձգտում են գտնել հրեաներին օգնող մարդկանց, որոնց համեմատել անգամ չի կարելի հրեա ժողովրդին հետապնդող մարդասպանների հետ:
«Ազգերի առաքյալ» կոչումը լայն ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում. այն պատվի, մարդկային հերոսության հոմանիշն է և նախանշում է չար ուժերի նկատմամբ բարու հաղթանակը: «Ազգերի առաքյալ» կոչմանն արժանացել են 44 երկրների բնակիչներ, այդ թվում՝ քրիստոնյաներ և մահմեդականներ, հավատացյալներ և անհավատներ, տղամարդիկ և կանայք, բոլոր մասնագիտությունների և տարբեր տարիքի մարդիկ, կրթված մասնագետներ և անկիրթ գյուղացիներ, հարուստներ և աղքատներ: Այդ բոլոր մարդկանց միավորում է մարդասիրությունը, արիությունն ու ահաբեկչության ծանր պայմաններում բարոյական կերպարի պահպանման ձգտումը:
Հոլոքոստի ժամանակ հրեաների փրկիչների թվում կային նաև շատ հայեր: Շատերի համոզմամբ' հայ փրկիչներից շատերի համար շարժառիթ է դարձել իրենց ընտանիքների կամ, առհասարակ, հայերի հանդեպ 20-րդ դարի սկզբին թուրքերի գործած ցեղասպանության մասին հիշողությունը:
Հուլիսի 11-ին հրեաների ողջակիզման և հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի հատուկ հանձնաժողովն առաջին անգամ հետմահու «Ազգերի առաքյալ» ճանաչեց ՀՀ քաղաքացի Հարություն Խաչատրյանին: Այժմ պաշտոնապես 22 հայ է հերոս ճանաչվել Յադ Վաշեմի կողմից, սակայն նրանց թվում միակ ՀՀ քաղաքացին Հարություն Խաչատրյանն է: Ի դեպ, Հարություն Խաչատրյանը Հայաստանում հայտնի երգչուհի Աննա Խաչատրյանի պապն է:
Յադ Վաշեմն ու Վալլենբերգի հիմնադրամը հետմահու ոսկյա մեդալով են պարգևատրելու հայ հերոսին:
Հայ բժշկի կողմից փրկվածը Իոսեֆ Կոգանն է, ով իր մահկանացուն կնքել է 1999-ին 79 տարեկան հասակում Իսրայելի հյուսիսում գտնվող Կիրյատ Յամ քաղաքում:
Միայն պատերազմից 17 տարի անց Կոգանն իմացավ, թե ինչպիսի տառապանքների ու զրկանքների շնորհիվ է հնարավոր դարձել իր փրկությունը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ազատություն ռադիոկայանի»' Մերձավոր Արևելքի և Իսրայելի թղթակից Արտյոմ Չերնամորյանի պատրաստած հոդվածը, որում ներկայացվում են բոլոր մանրամասները Հարություն Խաչատրյանի և նրա կատարած աշխատանքի մասին:
Հարություն Խաչատրյանը` Ազգերի առաքյալ
Հուլիսի 11-ին հրեաների ողջակիզման եւ հերոսացման Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի հատուկ հանձնաժողովը հետմահու «Ազգերի առաքյալ» է ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բժիշկ Հարություն Խաչատրյանին: Այս հանձնաժողովի անդամների մի մասը հենց Հոլոքոստից մազապուրծ եղած մարդիկ են, որոնք էլ ներկայացնում են այս կամ այն հերոսի պատմությունը և ընդհանուր քվեարկությամբ ճանաչում «Ազգերի առաքյալ»:
Հուլիսի 15-ին Յադ Վաշեմ ինստիտուտ-թանգարանի «Ազգերի առաքյալների» բաժանմունքի ղեկավար Իրենա Ստեյնֆելդտը պաշտոնական նամակ ուղարկեց բժիշկ Խաչատրյանի թոռնուհուն՝ հայտնի հայ երգչուհի Աննա Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, իրենց որոշման մասին: Նամակում մասնավորաբար նշվում էր, որ Վրաստանում գտնվող Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության և դեսպանի միջոցով հայ հերոսի ընտանիքին կփոխանցվի պաշտոնական վկայագիրն ու մեդալը, որով հետմահու պարգևատրվել է բժիշկ Խաչատրյանը:
Մանրամասները` այստեղ