Lragir.am «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով առաջիկա նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Իսկ մինչ այդ, Հրաչյա Հարությունյանը կգտնվի կալանքի տակ: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստր՝ Լիլիթ Հարությունյանը:


Վերջինիս խոսքով՝ հայրն այժմ գտնվում է կալանավայրի հիվանդանոցում, նա սրտի հետ կապված խնդիրներ ունի և բուժվում է: Հրաչյա Հարությունյանի դուստրը նշեց նաև, որ հայրը նախկինում ևս ունեցել է սրտի խնդիրներ, սակայն վթարն ավելի է խորացրել դրանք, և հույս հայտնեց, որ վիրահատության կարիք չի լինի:


Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին՝ Նոր Մոսկվայում, 46-ամյա Հրաչյա Հարությունյանի վարած «ԿամԱԶ» մակնիշի՝ խճաքարով լի բեռնատարը մեծ արագությամբ բախվել էր ավտոբուսի: Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ, ևս մի քանիսը վիրավորվել էին: Նշենք նաև, որ ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենան եղել է անսարք վիճակում, ինչի մասին Հարությունյանը չի իմացել: