Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի մոտ լիպոմա է հայտնաբերվել (ճարպային գոյացություն): Ինչպես տեղեկացրին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, բժիշկները այն կհետազոտեն և անհրաժեշտության դեպքում կվիրահատեն:
 
ՔԿՎ կապերի բաժնից նաև հայտնեցին, որ Հրաչյա Հարությունյանի մոտ եկել են տեսակցելու հարազատները:
 
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Նա ՌԴ-ում Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման 2013թ․ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո. նա այն բեռնատարի ղեկին էր, որի հետ ավտոբուսի բախումից զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։