Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ՌԴ-ում ավտովթարի գործով դատապարտված և Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում: Այս մասին հատնեցին Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Հրաչյա Հարությունյանը բողոքներ առանձնապես չունի, ներկայումս նա իրեն նորմալ է զգում: Մոտ օրերս բժիշկները նաև պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն»,- նշեցին ՔԿՎ-ի հանրային կապերի բաժնից:

Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Նա ՌԴ-ում Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման 2013թ․ հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո. նա այն բեռնատարի ղեկին էր, որի հետ ավտոբուսի բախումից զոհվել էր 18 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։