Tert.am Եվրամիությունում հունվար-օգոստոս ամիսներին նոր մեքենաների վաճառքները ընկել են մինչև 8.14 միլիոն միավորի, ինչը 1990 թվականից հետո ռեկորդային ցածր ցուցանիշ է: Այս մասին վկայում են սեպտեմբերի 17-ին Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի հրապարակած տվյալները, հաղորդում է Lenta.ru-ն:
2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 5.2%: 2013 թվականի օգոստոսին ԵՄ երկրներում վաճառքի տվյալներում գրանցվել է 686.900 նոր մեքենա, ինչը 4.9%-ով ցածր է 2012 թվականի օգոստոսի ցուցանիշից:
Ամենաշատը պահանջարկը անկում է գրանցել Կիպրոսում. այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին վաճառվել է 40%-ով ավելի քիչ մեքենա, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Բացի այդ խոշոր անկում է գրանցվել Նիդերլանդներում և Ռումինիայում՝ համապատասխանաբար 31.6% և 17.6%:
Մեքենաների ընկերություններից 2013 թվականին ԵՄ-ում վաճառքների նվազում է գրանցել ֆրանսիական PSA Group-ը՝ 12.1%: Ավտոարտադրողների շրջանում ամենամեծ աճը գրանցել է Mazda-ն՝ 9%: Իսկ լյուքսային մեքենաներ արտադրող Jaguar Land Rover-ի վաճառքները աճել են 10%-ով: