«Եթե աղջիկը 26 տարեկանից հետո կույս լինի, ես նրան չեմ հարգի»,-թերթերից մեկի թղթակցի հետ զրույցում ասել է «Նոր քաղաքական մշակույթ»' գոնե ինձ առայժմ անհայտ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը, ով պատրաստվում է հայ հասարակության մեջ կոտրել կուսության վերաբերյալ կարծրատիպերը: Նա նշել է, որ վերջին շրջանում խորապես ուսումնասիրել է կնոջ ֆիզիոլոգիան և պարզել, որ կնոջ մեջ ավելի շատ են սրված էմոցիաները, և հենց նա պետք է ավելի շատ սեռական կյանքով ապրի, քան՝ տղաները: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ինքը կուսությունից զրկվել է միայն 32 տարեկանում, այն դեպքում, որ այս պահին 33 տարեկան է: «Այն հայ աղջիկը, որը 26 տարեկանից հետո, կրթություն ստանալուց, գիտակցական որոշ մակարդակի գալուց հետո որոշում է, որ իր սիրած տղամարդու հետ պետք է ակտիվ սեռական կյանքով ապրի, ուրեմն պիտի ապրի: Ո՞վ ասաց, որ միայն հայ տղան իրավունք ունի սեռական կյանքով ապրելու, ընդհակառակը, կնոջ մեջ են էմոցիաներն ավելի սրված, քան տղամարդու մեջ, և հենց կինն ավելի շատ պահանջ ու իրավունք ունի ակտիվ սեռական կյանքով ապրելու»,- ասել է Անի Զախարյանը «Առավոտին»:

 

Ֆեյսբուքահայությունն ակտիվորեն սկսեց քննարկել նորահայտ կուսակցապետի հայտարարությունը, ընդ որում, ինչպես և սպասվում էր, հայհոյանքներն ու աղջկան Ծերեթելիի խաչմերուկի մոտ աշխատանքի ուղարկելու կոչերը դարձան մեկնաբանությունների առանցքն ու ողնաշարը: Քանի որ սեռաքաղցությունը մեր երկրում դարձել է համընդհանուր համախտանիշ, կցանկանայի մի քանի բառով անդրադառնալ սեռական կյանքի մեկամյա փորձ ունեցող քաղաքական գործչուհու հայտարարությանն ու դրա շուրջ բարձրացած աղմուկին:

 

Նախ` ո՞վ է ասել, որ կուսությունից զրկվելու և սեռական հարաբերություններ ունենալու մասին բարձրաձայնելը բացառապես պոռնիկների մենաշնորհն է: Սեռական հարաբերությունը' որպես մարդկության կենցաղի անբաժանելի մաս' անկախ ռասայից, սեռից, կրոնից, սոցիալական կարգավիճակից, մարդկանց կենցաղում գերակշռող, ամենօրյա միջանձնային հարաբերություն է, որի մասին խոսելը մեր հասարակության մոտ ընկալվում է որպես բարոյական արժեքներից շեղում: Ավելին ասեմ, չափահաս անձի կողմից սեռական կյանք սկսելու որոշման բացահայտումը կարող է ճակատագրական լինել նրա համար, եթե անկողին մտնելուց առաջ անդրավարտիքի փողքում ամրացված չէ զագսի վկայագիրը: Իսկ ո՞ւմ գործն է, թե մարդն ինչպես է տնօրինում ապրելու իր իրավունքը: Եթե բնական է, որ մարդկանց մի խումբ կարող է բարձրաձայնել մեր պապենական ավանդույթների, առավել զուսպ կամ վերարտադրողական սեռական հարաբերությունների ճշմարտացիության մասին, ինչո՞ւ մեկ այլ անձ չի կարող հրապարակայնորեն պնդել դրա հակառակը: Ինչո՞ւ ենք մենք բոլորս ամեն ինչ այդքան ծայրահեղականացնում: Ի վերջո, դա այն թեման է, որի մասին անընդհատ մտորում է ցանկացած մարդ, տեղեկատվություն է որոնում համացանցում, խոսում է ընկերոջ կամ ընկերուհու հետ: Այն խոսակցությունները, որ ունեցել է Անի Զախարյանը կայքի թղթակցի հետ, շատերն են իրար մեջ քննարկում, բայց չկարողանալով հաղթահարել տաբուները' լռում են և այդ մասին չեն արտահայտվում:

 

Այսօր մի աղջիկ բավականին հասուն տարիքում որոշել է իր մտորումները կիսել հանրության հետ: Էլ պոռնիկ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն... Ինչո՞ւ... Կարծիք արտահայտե՞լն է պոռնկությունը: Ո՞վ է իրավունք տվել այդպիսի հայտարարություններ անելու: Երբ նմանատիպ հայտարարություններ են անում ինչ-որ օնանիստ բրիտանացի գիտնականներ, հանրությունը հափշտակված կարդում է' տեղեկատվությունը միմյանց փոխանցելով: Բայց եթե նմանատիպ հայտարարություն է անում մեր տեղական արտադրության որևէ «բրիտանացի գիտնական»' նա դառնում է պոռնիկ, փողոցային, լիրբ...

 

Ընդունում եք այդ կարծիքը, թե' ոչ, ձեր անձնական խնդիրն է: Միգուցե ինքս այդ աղջկա հայտարարությունները չեմ ընդունում: Բայց նրան քառատելու կոչեր չեմ անում, մարմնավաճառ չեմ անվանում: Մարդը համարձակություն է ունեցել իր կարծիքն ասելու: Միևնույն է, ամեն մարդ ինքն է ընտրում իր սեռական հարաբերությունների ժամանակն ու տարիքը: Դա էլ մի կարծիք է' լսե´ք և առա´ջ անցեք: Կամ մի´ լսեք: Դրանից հարցի էությունը չի փոխվում:

 

Եթե աղմուկ է բարձրացել, ուրեմն իրականում կա որոշակի պրոբլեմ: Հակառակ դեպքում' ուշադրություն մի´ դարձրեք այդ հայտարարություններին: Եթե դուք դրանք չեք կիսում, ավելորդ աղմուկով նպաստում եք գաղափարի քարոզին:

 

 

Վարուժան Բաբաջանյան