Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850.0 հա-ի: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է նաև Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը:

 

2013թ.-ի ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.-ի ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ մակերես արդեն լիովին ոռոգելի է դարձել: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել՝ 16 հազար տարբեր տեսակի ծառեր:

 

Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ 2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այդ թվում, տնկվել է շուրջ 300 հազար վարդակակաչ և 12 հազար վարդի թուփ: Արդյունքում մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքն այս տարի կազմել է 6.8 հա, որը 1.1 հա-ով ավելի է 2012թ.-ի ցուցանիշից: Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը: Անցած ժամանակահատվածում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, թարմացվել են գոյություն ունեցող ևս 16 հա սիզամարգերը:

 

Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 70 գեղարվեստական կոմպոզիցիաներ, դեռևս ընթացքի մեջ են ևս 20-ի տեղադրման աշխատանքները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն