«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ «բանդայի գործով» հերթական դատական նիստին ներկա էր Գառնու «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր, գործարար Սուրիկ Հակոբյանի հարսը՝ Վրաստանի քաղաքացի Մարինա Գեորգաձեն։ Վերջինս «բանդայի» պարագլուխ հռչակված Արտյուշա Հակոբյանի կինն է, որին 2011թ. կալանավորել էին։
Պատճառն այն էր, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության, ազգությամբ վրացի կինը հետախուզվել է Վրաստանի իրավապահների կողմից, քանի որ խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել։ Երեկ թերթի հետ զրույցում Մարինան ասել է, որ ինքն անօրինական գործողությունների զոհ է դարձել. «Ինձ 1,5 տարի պահեցին Վրաստանի կալանավայրում, սակայն 2012թ. համաներում հայտարարվեց, և ես ազատություն ստացա»։ Իսկ ահա, Մարինայի սկեսրայրը' Սուրիկ Հակոբյանը, թերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հարսի ձերբակալությունը կապված էր իր որդու շուրջ կատարվող իրադարձությունների հետ։
Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։