Ավելի քան 250 հազար միգրանտներ մոտակա ժամանակում կարող են զրկվել պետական շինհրապարակներում աշխատելու հնարավորությունից: Նրանց կփոխարինեն տեղացի ՌԴ քաղաքացիներ: Այս մասին գրում է Российская Газета-ն' մեկնաբանելով ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի առաջարկը:
Վերջինիս խոսքով' «Նոր զբաղվածություն» դաշնային ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել արտոնություններ այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն տեղացի բնակիչներին: Ենթադրվում է, որ այդպիսով ավելի քան քարորդ միլիոն միգրանտներ կզրկվեն իրենց աշխատատեղերից:
Ավելի վաղ «Միգրացիա XXI դար» ֆոնդի ղեկավար Վյաչեսլավ Պոստավինը նշել է, որ ներկայումս ՌԴ-ում իջեցված քվոտաների համեմատ առավել շատ են արտագնա աշխատողները, և ստացվում է որ միգրանտներն անօրինական են աշխատում և չեն վճարում հարկերը:
ՄԱԿ-ի 2013թ-ի հաշվետվությունում ՌԴ-ն միգրանտների թվով ԱՄՆ-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Պաշտոնական տվյալներով ներկայումս ՌԴ-ում գտնվում են 13 մլն լեգալ աշխատանքային միգրանտներ և 2-3 մլն ոչ լեգալ միգրանտներ:
Նշենք, որ ռուսական աշխատանքի շուկայում 2012թ-ի ընթացքում հաշվում էին մինչև 400 հազար ՀՀ քաղաքացի: