«Մեր հայտարարությանը հետևելու են գործողություններ և իրավական բնույթի գործողություն, և դրանք ունեն շարունակականություն: Կա գործողությունների որոշակի ճանապարհային քարտեզ, որը, բնականաբար, համապատասխան ընթացակարգերով Հայաստանին տանելու է դեպի անդամության»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

 

«Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, որն ի սկզբանե մենք ունեցել ենք, և մեր ցանկությունն է եղել դրանում ամբողջական մասնակցություն ունենալ, և այսօր էլ դա մենք ունենք քաղաքական օրակարգում, մենք պետք է փորձենք մեր եվրոպացի գործընկերների հետ գտնել համապատասխան ճանապարհներ, որոնք Հայաստանին կպահեն ասոցացման ծիրում: Մեզ ոչ մեկ անվստահելի չի համարում, և այդ գործընկերության ճանապարհը մեզ համար դեռ նոր է սկսվել, և հավատի մասին խոսելն ընդհանրապես իրականության հետ կապ չունի: Այսօր Եվրամիության կողմից 90-ից ավել ծրագրեր են իրականացվում, որոնց մեծ մասը շարունակվելու է: 2009-ից մենք արևելյան գործընկերության անդամ ենք, որի հիմնական նպատակն ասոցացումն է: Մենք շարունակելու ենք ասոցացման ծիրում մնալ», - ասաց Արտակ Զաքարյանը: