Ցանկացած պետություն, եթե մտնում է այս կամ այն միջազգային տնտեսական միավորման մեջ, իր սուվերենության մի մասը տալիս է վերազգային մարմնին: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Դա բնական է, դա կրիմինալ, սարսափ կամ ողբերգություն չէ։ Հայաստանը, մտնելով Մաքսային միության մեջ, իր սուվերենությունն ամբողջությամբ չի տալիս, սուվերենությունը տալիս է այս կամ խնդիրների լուծման համար։ Եթե խնդիրները կոլեկտիվ լուծման կարիք ունեն, ուրեմն պետք է լինի նաև կոլեկտիվ մարմին՝ այդ խնդիրներին լուծում տալու համար»,- ընդգծեց դեսպանը։
Նա ընդգծեց, որ ինքը միայն ողջունում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը։ «Սա լավ քայլ է, ճիշտ քայլ է, ճիշտ ուղղություն»,- ասաց դեսպանն ու նշեց, որ առաջիկայում կքննարկվեն Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ բոլոր հարցերը, քանի որ այս գործընթացը մեկ րոպեում իրականություն չի կարող դառնալ։
Նա ընդգծեց, որ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո Հայաստանը կդառնա Մաքսային միության լիարժեք անդամ և Մաքսային միության մյուս անդամների հետ միասին կմտնի նոր ինտեգրացիոն միավորման՝ Եվրասիական տնտեսական միության մեջ:
Իվան Վոլինկինը դժվարացավ պատասխանել, թե որքան ժամանակում Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ՝ նշելով, որ սա առաջին դեպքն է, երբ որևէ պետություն միանում է Մաքսային միությանը։