Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է <<Հույսի Ավան>> թաղամաս: <<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների: Դավթաշենի 10-րդ փողոցի գերեզմանատան մուտքի մոտ գտնվող տնակում ապրող Հակոբ Դալլաքյանի և Դավթաշենի 4-րդ թաղամասի 1 ա հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Գեորգի Կոջամանյանի ընտանիքներն այսուհետ կբնակվեն <<Հույսի Ավան>> թաղամասի նոր ու հարմարավետ առանձնատներում: Բազմազավակ երկու ընտանիքների համար օրն իսկապես սպասված էր:
Շնորհավորելով նրանց նոր բնակարաններ ստանալու կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել <<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին՝ մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար. <<Մենք ուսումնասիրել էինք այդ երկու ընտանիքների պայմանները և բարերարի հետ միասին փորձեցինք աջակցել նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեին: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել <<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին, որ ստեղծեցին այս թաղամասը, և Երևան քաղաքի սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքները, որոնք չունեին բնակարաններ, հնարավորություն ստացան ապրել հարմարավետ բնակարաններում>>,- նշել է քաղաքապետը:
Հույսի Ավանում այսօր արդեն շուրջ 79 ընտանիքներ են բնակվում: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում աջակցելու է սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական այս ծրագրի շարունակականության ապահովման հարցում. <<Մենք հույս ունենք որոշակի ժամանակ հետո այստեղ ապրող ընտանիքների թիվը հասցնել մինչև 200-ի: Քաղաքապետարանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել ծրագրին աջակցելու հարցում և վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում մենք շարունակելու ենք սատարել>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
<<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրին աջակցելու համար, նկատել է, որ այսօրը ինչ-որ առումով նաև խորհրդանշական է, քանզի դեռևս 2001թ.-ին, երբ մայրաքաղաքում առաջին անգամ մեկնարկեց այս ծրագիրը, թաղամասի առաջին բնակիչներին բանալիները հանձնել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: