ՀՀ կառավարությունը Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի 40 բնակարաններից մնացած երկու ծառայողական բնակարանները հատկացրեց այդ համայնքում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երկու ընտանիքների:

 

 

Կառավարության նիստում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ որոշումն առնչվում է 2015թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք կատարած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի շրջանակում տրված հանձնարարականների կատարմանը:

 

 

Դեկտեմբերի 31-ին վարչապետը Ծաղկահովիտում մասնակցել էր վերը նշված շենքի շահագործման հանձնելու արարողությանը: Ծաղկահովիտցի բազմազավակ մի քանի ընտանիք բնակարանի խնդրով դիմել էին վարչապետին: Կառավարության ղեկավարը տեղում հանձնարարել էր պատկան մարմիններին հիմնանորոգված շենքում ազատ մնացած բնակարանները հատկացնել նրանց՝ առաջիկայում լուծելով նաև սեփականաշնորհման հետ կապված բոլոր հարցերը: