Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում դեկտեմբերի 19-ին շահագործման է հանձնվել ՀՀ պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը' նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բնակարանամուտի արարողությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Տասներկու սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով' նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորել է սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստել է, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով:
Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014թ. աշխատանքներն ու քննարկվեցին հետագա անելիքները:
Սեյրան Օհանյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է նաև մարտական հենակետեր: Նրանք ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել նրանց առօրյայով ու կենցաղային պայմաններով:
Տավուշի մարզում շրջայցը եզրափակվել է ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցել են 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը: