Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը (Boris Pistorius) ժամանել է Ուկրաինա, նրա այցը հայտարարված չէր։ Նա եկել է Կիեւ գնացքով, երեքշաբթի, նոյեմբերի 21-ի վաղ առավոտյան, տեղեկացրել է AFP գործակալությունը։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունում նշել են, որ այցի նպատակը Բեռլինի աջակցության հաստատումն է Ուկրաինային։ Այցի հիմնական թեմաներն են լինելու ուկրաինացի զինվորների ուսուցումն ու ռազմական օգնությունը Կիեւին։
Օրվա երկրորդ կեսին նախատեսված են Պիստորիուսի եւ նրա ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի, ինչպես նաեւ նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունները։ Քաղաքական բանակցություններից զատ՝ այցի ծրագրում ներառված է պսակի տեղադրման արարողությունն Անկախության հրապարակում (մայդան), որտեղ տասը տարի առաջ սկսվեցին եվրոպամետ ցույցերը, ինչպես նաեւ այցելությունն ուկրաինական ռազմական ուսումնական կենտրոն։
Սա Պիստորիուսի երկրորդ այցն է Կիեւ ընթացիկ տարվա հունվարին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո։ Նախորդ անգամ նա Ուկրաինայում էր փետրվարին։