«Մատաղիսի» գործը անցել է պատմության գիրկը՝ շուրջ 9 տարվա դատական ճանապարհն ավարտվել է արդարացման դատավճռով, որն, ի դեպ արդեն մտել է օրինական ուժի մեջ: Սակայն «Մատաղիսի» գործի, արդարացման դատավճռի, տուժողների իրավահաջորդների միջև հակասությունների մասին հիշեցնում է արդեն քաղաքացիաիրավական դաշտում վերջիններիս դատական վեճը:
Այսպես, «Մատաղիսի գործով» տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը և իրավահաջորդը՝ Մովսես Մկրտումյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել էր, որ ինքը ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ «Մատաղիսի» գործով 2012թ.դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճռից հետո լրատվամիջոցներին տված իր հարցազրույցների ժամանակ հայտնել է, որ կիսում է դատարանի կարծիքը և համարում է, որ այդ երեք երիտասարդները ոչ մի կապ չունեն որդու սպանության հետ:
14.01.2013թ. հրավիրված ասուլիսի ընթացքում տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդներ՝ նրա հորեղբայրն ու մայրը, համապատասխանաբար՝ Արթուր Եղիազարյանը և Գոհար Մելքոնյանն իրենց դժգոհությունն են արտահայտել կայացված դատավճռից, ինչն, իհարկե, իրենց իրավունքն է: Սակայն պատասխանելով լրագրողների հարցերին՝ նրանք ի թիվս այլնի հայտարարել են, որ ինքը «հազար տոկոսով ծախված է», «Հովսեփի հայրը իր հետ չի քայլում, իրեն ուզում են առնեն…, ինքը ոչ մի բանից չի վախենում, բայց Մովսեսը չեկավ, որովհետև նա ծախված է», որ իբր ինքը փորձել է փողով իրենց լռեցնել, սակայն իրենք չեն համաձայնել, չեն ծախվել, նաև նշել են, թե իբր ինքը ասել է' «եղածը եղած է, համագործակցենք իրար հետ, գնանք լենինականցիների տունը»: Հայցվորը գտել է, որ պատասխանողների կողմից թույլ տրված այդ արտահայտությունները հանդիսանում են վիրավորանք և զրպարտություն:
Պատասխանողներն առարկել էին հայցադիմումի դեմ և հայտնել, որ 14.01.2013թ. հրավիրված ասուլիսի ընթացքում արտահայտել են իրենց դժգոհությունը՝ արդարացման դատավճռի հետ կապված: Սակայն «նա հազար տոկոսով ծախված է» և այլ արտահայտություններ իրենք նշված օրը չեն արել, դա զրպարտություն է նրա կողմից, և դրա «վառ ապացույցն է տվյալ օրվա «ձայնային կրիչը»-ը»: Պատասխանողները գտել են, որ հայցադիմումը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը գտել է, որ հայցվոր կողմը հայցադիմումի մեջ պատասխանողների կողմից արված արտահայտությունները ներկայացրել է առանձնացված բառերի կամ արտահայտությունների տեսքով և դուրս է հանել ընդհանուր նախադասությունից և մտքից, ինչով բառերը կամ արտահայտությունները փոխել են իրենց նշանակությունը: Հետևաբար դրանք պետք է դիտվեն ընդհանուր կոնտեքստում և որպես մեկ ամբողջություն:
Դատարանը գտել է, որ պատասխանողներն իրենց մամլո ասուլիսի ժամանակ չեն կատարել ինչպես վիրավորական, այնպես էլ զրպարտող, կտրուկ կամ զգացմունքային արտահայտություններ: Պատասխանողների կողմից հնչեցրած արտահայտությունները հիմնվել են դատողությունների, կարծիքների, ենթադրություններ վրա' հիմք ընդունելով շուրջ ինը տարի տևած ամբողջ գործընթացները:
Վերոհիշյալ իրավական վերլուծությունների հիման վրա էլ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մարգարյանի նախագահությամբ, 2013թ. մայիսի 31-ի վճռով մերժել է Մովսես Մկրտումյանի հայցը' պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Մովսես Մկրտումյանը վճռի դեմ բողոք է ներկայացրել Քաղաքացիական վերաքննիչ դատարան, և այն քննվում է դատավոր Նարինե Բարսեղյանի նախագահությամբ: