Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.О.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀԵԵՄ ընդհանուր հոգեւոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական ժողովի ընդլայնված նիստ:
Ժողովին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան 12 թեմերի երիտասարդաց միությունների ներկայացուցիչներ, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը եւ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչանը, «Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հոգևոր պատասխանատու Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հոգեւոր պատասխանատու և «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տ. Պետրոս քահանա Մալյանը:
Ժողովի սկզբում ներկաներին Վեհափառ Հայրապետի հայրական օրհնություններն ու բարեմաղթանքները փոխանցեց Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Նիստին նախ քննարկվեցին ՀԵԵՄ 2014 թ.-ի Պատգամավորական 3-րդ ժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր: Ժողովի կազմակերպման նպատակով որոշվեց ստեղծել Գործադիր մարմին, որի կազմում են ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Հայր Եղիշեն, «Լուսավորչի Կանթեղ» միությունից՝ Հայր Դերենիկը, «Արարատ» միության հոգևոր հովիվ Տ. Պետրոս քահանան, ՀԵԵՄ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, «Արարատ» միության ատենապետ Տիգրան Հարությունյանը:
Ժողովը քննարկեց նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՀԵԵՄ միջոցառումների կազմակերպական հարցերը՝ հիմնականում անդրադառնալով ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում մատուցվելիք Ս. Պատարագի արարողությանը: Ծրագրի մանրամասների քննարկման համար որոշվեց առաջիկային գումարել թեմերի երիտասարդաց միությունների ատենապետների ներկայացուցչական ժողով:
Նիստի ընթացքում քննության առնչվեցին ՀԵԵՄ կանոնադրությանն առնչվող հարցեր: Կանոնադրության ամբողջացման և լրամշակման համար որոշվեց ստեղծել քննական հանձնաժողով հետևյալ կազմով՝ Գևորգ Մկրտչյան, Գուրգեն Սիմոնյան, Տիգրան Հարությունյան, Միքայել Պողոսյան և Լիանա Խաչատրյան: Հանձնաժողովի լրամշակած ՀԵԵՄ կանոնադրության վերջնական տարբերակը կներկայացվի ՀԵԵՄ 3-րդ Պատգամավորական ժողովի հաստատմանը:
Ժողովի օրակարգում էին նաև ՀԵԵՄ անդամների և Երևանի ու մարզերի համալսարանների ուսանողների միջև համագործակցությանն ուղղված ծրագրեր: Ժողովականները կարևոր նկատեցին ուսանողների մասնակցությունը հոգևոր միջոցառումներին, երիտասարդաց միություններում կազմակերպվող տարաբնույթ հոգևոր հանդիսություններին, ինչը ուսանողներին հաղորդակից կդարձնի եկեղեցական ծեսերին ու խորհուրդներին, կնպաստի քրիստոնեական արժեհամակարգի ընկալմանը: