Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, թվում է, իրենց ակտիվությամբ պետք է դղրդացնեին Ազգային ժողովը: Կառավարության անդամները պետք է ամեն անգամ նրանց տեսնելիս ճանապարհը փոխեին, որովհետև յուրաքանչյուր ընտրատարածքի բնակչությունը այնքան դարդուցավ ունի, որոնց շատերի լուծումը ոչ այնքան բյուջետային միջոցներ ու ֆինանսական ներդրումներ են պահանջում, որքան օրենսդրական լուծումներ, հարցապնդումներ, միջամտություններ' պետական գերատեսչությունների մակարդակով: Սակայն մեծամասնականով ընտրված պատգամավորների ճնշող մեծամասնությունը ԱԺ-ում կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ իրենց ընտրատարածքների բնակչության խնդիրները շարունակում են մնալ օդից կախված: Անհասկանալի է, թե պետությունն ինչու է աշխատավարձեր վճարում նրանց' մի աշխատավայրում հայտնվելու համար, որտեղ այդ մարդիկ զբաղվում են ամեն ինչով, բացի պատգամավորի աշխատանքից:
Եվ այսպես, սկսում ենք շարք, որտեղ պարբերաբար կանդրադառնանք ԱԺ մեծամասնականով ընտրված պատգամավորների գործունեությանը: Ընդ որում, այդ անդրադարձը կրելու է պարբերական բնույթ, ընտրատարածքների բնակիչները հստակ թվերով պետք է տեղեկացվեն, թե իրենց ընտրյալները, բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ուրիշ ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Օրվա հերոսներին կընտրենք պատահականության սկզբունքով:
Մեր առաջին «հյուրը» թիվ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանն է, ով «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատերն է: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 14 ընտրատարածքից, որն ընդգրկում է Ապարանի, Աշտարակի տարածաշրջանները և ունի շուրջ 57000 ընտրող: 57000 մարդու ապավեն հանդիսացող պատգամավորը իր ամբողջ պատգամավորական գործունեության ընթացքում 20 անգամ բացակայել է ԱԺ նիստերից և երբևէ հանդես չի եկել ելույթներով և կառավարությանն ուղղված հարցերով: Ստացվում է, որ այն ընտրատարածքը, որտեղից Մարկոսյանը պատվիրակվել է Ազգային ժողով, որևէ խնդիր չի ունեցել, որի մասին կարելի էր բարձրաձայնել խորհրդարանական ամբիոնից: Ենթադրվում է, որ ԱԺ-ի ընդունած օրինագծերը գրեթե ամբողջությամբ համապատասխանում են թիվ 14 ընտրատարածքի բնակչության շահերին, որովհետև Վրեժ Մարկոսյանը ընդամենը 2 անգամ է դեմ քվեարկել, մինչդեռ օրինագծերից 172-ը պատգամավորի «սրտով» է եղել և նա կողմ է քվեարկել:
Այսքանից հետո մնում է պարզել, թե ՀՀԿ-ն իր' մեծամասնականով ընտրված պատգամավորների օգտակար գործողության գործակիցը ինչով է չափում: