Սովորաբար, երբ խոսք է գնում Հայաստանի պետական կառավարման համակարգում տիրող անբարեհույս վիճակի, գրեթե գոյություն չունեցող կառավարչական ավանդույթների մասին, առաջին բանը, որ մատնացույց է արվում, երկրում կադրերի պակասի խնդիրն է. ընդունված կարծիք կա, որ Հայաստանի դժբախտություններից մեկն էլ պետական կառավարման համակարգում լավ, բանիմաց, կադրերի պակասն է:

Չցանկանալով կասկածի տակ դնել սույն տեսակետի իսկությունը, քանի որ, իրոք, անհնար է անտեսել գոյություն ունեցող խնդիրը, կցանկանայինք, սակայն, մի հետաքրքիր օրինաչափությունից խոսել. հայաստանյան իրականության պայմաններում քիչ չեն դեպքերն, երբ այս կամ այն ոլորտի ծանրագույն վիճակը պայմանավորված է լինում ոչ թե վերոհիշյալ խնդրով՝ բանիմաց կադրերի սղությամբ, այլ՝ մեկ այլ՝ շատ ավելի սուբյեկտիվ գործոնով. լավ կրթություն ստացած բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց օգտակար գործողության գործակցով գրեթե ոչնչով առավել չեն նրանցից, ովքեր ասենք ընդամենը տեխնիկումավարտ են կամ ուղղակի բարձագույն կրթություն ունեցողներ:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի աշխատանքային կենսագրությունը, պետք է խոստովանել, բավական հետաքրքրական է. ունենալով հրաշալի կրթական ցենզ (1985-1990թթ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը, որտեղ էլ 1990-1992 թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 1992-1998 թթ, սովորել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռատգերս համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետում, որտեղից 1994 թ. ստացել է մագիստրոսի, իսկ 1998 թ.՝ փիլիսոփայության դոկտորի կոչում)՝ Գաբրիելյանը տնտեսագետ-ֆինանսիստի բավական հետաքրքիր կարիերա է կարողացել անել՝ նախ՝ 1990-1992 թթ-ին, աշխատելով որպես ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում որպես փորձագետ, ապա հետզհետե մագլցելով պետական կառավարման համակարգի աստիճաններով՝ արդեն 2008թ.-ին ստանում է իր առաջին «յուղոտ» պաշտոնը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալի աթոռը:

Հետագա տարիները Գաբրիելյանի համար բուռն վերելքի տարիներ էին. հասցրել է լինել ֆինանսների նախարար, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, այնուհետև՝ ղեկավար-նախարար: Կարեն Կարապետյանի կառավարությունում էլ, պահպանելով 2014թ.-ից նախորդ կառավարությունում զբաղեցրած պաշտոնը, շարունակեց մնալ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որն, ինչպես հայտնի է, գլխավորապես ստեղծվել է՝ համակարգելու Հայաստան-ԵՏՄ հարաբերություններն ու նպաստելու այդ կառույցի հետ մեր երկրի ունեցած հարաբերությունների սերտացմանը՝ Հայաստանի տնտեսական ինտեգրացիան հնարավորինս սահուն դարձնելու ու արդյունավետորեն կազմակերպելու, չնայած արդեն մի քանի տարի է՝ գործում է, սակայն ասել, թե հասցրել է «սարեր շրջել» ու ԵՏՄ-ում մեր երկրի ներկայացվածության աստիճանը բարձրացնել մի նոր մակարդակի, որևիցե կերպ հնարավոր չէ: Ինչպես վերլուծաբաններից մեկն էր դիպուկ կերպով նկատել, ԵՏՄ անդամ չհանդիսացող Վրաստանը շատ ավելի արդյունավետորեն է ներկայացված ԵՏՄ անդամ երկրների շուկաներում, քան՝ մենք, որ իբր այդ կառույցի անդամ ենք: Ասել կուզի՝ ԵՏՄ-ից Վրաստանը շատ ավելի մեծ օգուտներ է քաղում՝ չլինելով այդ կառույցի անդամ, քան մենք, որ այդ կառույցի հետ գտնվում ենք միևնույն աշխարհաքաղաքական բևեռում, հանդիսանում դրա անդամ:

Ակամա հարց է ծագում՝ ո՞րն է Վաչե Գաբրիելյանի նախարարության գոյության իմաստն այն պարագայում, երբ այն, ըստ էության, ձևական բնույթ է կրում: Եթե արդյունքը լինելու էր այն, ինչին ականատես ենք հիմա, ապա սրան կարելի կլիներ հասնել նաև առանց նոր նախարարություն հիմնելով՝ ասենք էկոնոմիկայի նախարարության կազմում համապատասխան վարչություն հիմնելով, էլ ինչո՞ւ էինք ծանրաբեռնում պետական կառավարման համակարգը՝ հավելյալ ծանրություն ստեղծելով հարկատուների համար:

Այնպես որ՝ խորհուրդ՝ Կարեն Կարապետյանին՝ նախքան սովորական քաղաքացիներին անգործ թողնելու մասին որոշումներ ընդունելն՝ ի դեմս ՊՈԱԿ-ներ ու ԾԻԳ-եր ցրելու, ձեռնամո՛ւխ եղեք ավելորդ դարձած նախարարությունների լուծարմանը. այդպիսով և՛ գումար կտնտեսեք, և՛ կխնայեք մարդկանց նյարդերը. Վաչե Գաբրիելյանի համար ավելի հարմար գո՛րծ գտեք...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ