Zham.am Չնայած արգելքին՝ թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող մթերքների և հումքի ներմուծումը Հայաստան չի դադարել: Այս մասին օրեր առաջ պաշտոնապես հայտարարեց Գյուղատնտեսության նախարարությունը' հիմնավորելով, թե ինչու է ավելի քան 3 ամիս առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հրաման ստորագրել' չեղյալ համարելով այդ ապրանքների ներմուծումն արգելող որոշումը: Նախարարությունից խոստովանեցին նաև, որ արգելող որոշումը ուղեկցող փաստաթղթերի կեղծման և այլ մեքենայությունների պատճառ է դարձել։
Հիշեցնենք, որ հենց այս գերատեսչության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է ներկրվող սննդամթերքի սահմանային վերահսկողությունն իրականացնում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությունը համարեց զավեշտալի ու տարօրինակ. «Այդ պարագայում իրենք պետք է մի պարզաբանում էլ տային, թե ինչի համար են իրենք ընդհանրապես աշխատում, եթե չեն կարողանում կեղծ փաստաթղթերը ոչ կեղծ փաստաթղթերից տարբերել»:
Ըստ նրա' թուրքական և ադրբեջանական ապրանքը հայտնվում է հայկական շուկայում, պատասխանատուները ոչինչ չեն կարողանում անել, սակայն չեն լքում իրենց տեղը. «Սահմանային հսկողություն իրականացնող պատասխանատու մարմինները տեղյա՞կ են արդյոք՝ տեխնիկական լոլիկն ինչ է։ Մեզ համար Թուրքիան ու Ադրբեջանը լրիվ հավասարազոր են Ֆրանսիային ու Իտալիային: Պետք է հասկանալ՝ ներմուծվող ապրանքների անվտանգությունը մասնավորի՞ կողմից է երաշխավորվում, թե՞ պետության: Մեր երկրում անհրաժեշտ լաբորատորիաներ կան, ամբողջ խնդիրն այն է, որ ներմուծվող ապրանքը փորձաքննության չի ենթարկվում: Երբեմն այն աստիճանի է հասնում պատասխանատուների հանդգնությունը, որ նշում են, թե որոշ փորձաքննությունների, օրինակ՝ բենզապիրենի հայտնաբերման համար նախատեսված լաբորատորիաներ չունենք, բայց այդպիսով նրանք նաև խուսափում են հավելյալ ծախսերից»: