Վանաձորում, սեպտեմբերի 23-ին ինքնասպանություն գործած ոստիկանության փորձագետը՝ 36-ամյա Դավիթ Մայիլյանը, ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ, որոնց հետևանքով, Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն, գրավադրել էր անգամ որոշ իրեղեն ապացույցներ։ Դավիթ Մայիլյանը աշխատում էր Լոռում մարզային վարչությունում որպես ապրանքագետ-փորձագետ։

 

«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, նրա վարույթում էր գտնվում Վանաձորում բացահայտված գողությունների բազմադրվագ մի գործ, որով քննիչը նշանակել էր փորձաքննություն՝ տրամադրելով հայտնաբերված իրեղեն ապացույցները։ Իր տրամադրության տակ գտնվող իրեղեն ապացույցներից որոշ ապրանքներ՝ ոսկեղենի տեսքով գրավադրվել էր։ Փորձագետը, թերևս հույս ուներ, որ ժամանակին կկարողանա գրավադրված իրեղեն ապացույցը հետ վերցնել և ոչ ոք չի իմանա այդ մասին, սակայն քննիչն իմացել է։ Թե որքանով այս պատմությունը կապ ունի փորձագետի ինքնասպանության հետ թերևս կպարզի քննությունը։ Նշենք, որ նրա բնակարանում հայտնաբերվել է նաև երկտող, որով խնդրել է ոչ մեկին չմեղադրել։

 

Փորձագետի գործընկերները դժկամությամբ են խոսում այս դեպքի մասին ու առաջիկայում թերեւս գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն։ Երիտասարդ փորձագետն ամուսնացած էր ու ուներ երկու երեխա։