Երեկ երեկոյան՝ 22:45-ին, ոստիկանությունը շտապօգնության կայանից հաղորդում է ստացել, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքի դաշտում ծառից մարդ կա կախված։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նա հայտնեց, որ քննիչի գլխավորությամբ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է՝ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմանում, Այգեվան գյուղի 1998 թվականի ծնված բնակիչը ինքնասպանություն է գործել. «Նրան գտել են գյուղում՝ իրենց պատկանող ծիրանի այգում՝ ծիրանի ծառից կախված։ Քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,- նշեց նա։
Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքնասպանություն գործած 21 ամյա տղան ամուսնացած էր և մեկ որդի ուներ:
«Նա նորմալ ընտանիքից էր, զբաղվում էր հողագործությամբ ու անասնապահությամբ: Ապրում էր իր ընտանիքի, ծնողների ու մեծ եղբոր հետ: Գյուղում նրան բոլորը գիտեն որպես հավասարակշռված, ծնողներին լսող, խելացի մարդ: Թե ինչ է պատահել՝ ոչ ոք չգիտի»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նա նաև պատմեց, որ ինքնսապանություն գործած երիտասարդը գրություն է թողել՝ գրելով որ ոչ ոք մեղավոր չէ իր ինքնասպանության մեջ. «Նա գրել է, որ ինքն այդպես ապրել չի կարող»: