Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել: 1968 թվականին ծնված 49-ամյա Անդրանիկ Խաչատրյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանն ասաց՝ Խաչատրյանների ընտանիքը նորմալ, իրար հետ սիրով, աշխատող ընտանիք է: Հարցին՝ ինչը կարող էր դրդել տղամարդուն նման քայլի, գյուղապետը նշեց՝ Անդրանիկ Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ուներ:
«Սոցիալական խնդիրներ չունեին, աշխատող ընտանիք են, ամուսիններով նորմալ աշխատում էին: Իմ անձնական կարծիքով, շարժառիթը կարող էր լինել իր հիվանդությունը: Վերջին ժամանակներում հաճախ էր գնում հիվանդանոց, աղեստամոքսային տրակտի հետ կապված բավական պրոբլեմներ ուներ: Աղիքները սևանում էր նրա: Երևի դա է եղել շարժառիթը, ընկճվածություն է եղել, թե չէ՝ ուրիշ խնդիր չկար, շատ լավ, համեստ ընտանիք էին»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Ավետիսյանի տեղեկացմամբ՝ ինքնասպանություն գործած տղամարդն ուներ երկու չափահաս երեխա՝ աղջիկ և տղա, տղան մեկնել էր արտագնա աշխատանքի:
Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: