ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ճնշող մեծամասնությունը ԱԺ-ում շարունակում է կատարել կոճակ սեղմողի «սուրբ» առաքելությունը, իսկ իրենց ընտրատարածքների բնակչության խնդիրները շարունակում են մնալ օդից կախված: Lurer.com-ը շարունակում է պարբերաբար անդրադառնալ ԱԺ մեծամասնականով ընտրված պատգամավորների գործունեությանը: Ընտրատարածքների բնակիչները հստակ թվերով պետք է տեղեկացվեն, թե իրենց «ընտրյալները», բացի ԱԺ բուֆետում սուրճ խմելուց, ինչով են զբաղվում այդ հույժ կարևոր պետական կառույցում: Միաժամանակ կոչ ենք անում, որ մյուս պատգամավորները ձգտեն հասկանալ մի պարզ բան, որ իրենք խորհրդարանում են հայտնվել օրենսդրական գործունեությամբ զբաղվելու առաքելությամբ և պետք է վերջ տալ իրենց ընտրատարածքների բնակիչների նկատմամբ հանցավոր անտարբերությանը: Բոլոր պատգամավորները ունեն հնարավորություն՝ բարելավելու իրենց ցուցանիշները, որպեսզի հաջորդիվ նրանց գործունեությանը կատարվելիք անդրադարձների ժամանակ մեր ձեռքի տակ ունենանք որևէ խոսուն փաստ, որը կվկայեր, որ այդ մարդիկ, ԱԺ-ում իրենց լուռ ներկայությունը արձանագրելուց բացի, երբեմն զբաղվում են Սահմանադրությամբ պատվիրակված պարտավորությունների կատարմամբ: Դեմ չենք լինի անդրադառնալու նաև այն «ազգընտիրների» գործունեությանը, որոնց այս շարքում արդեն ներկայացրել ենք, սակայն ունեն կատարած, բայց մոռացության փոշիների տակ թաղված օրենսդրական նախաձեռնություններ՝ միտված իրենց տարածաշրջանների բնակիչների կյանքի բարելավմանը:


Եվ այսպես, հաջորդ ազգընտիրը, որ իր «բուռն» պատգամավորական գործունեության արդյունքում հայտնվեց մեր տեսադաշտում, «Դերժավայի Արկադին» է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը, որը իր մանդատը ստացել է Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքից, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտը, Շիրակամուտը մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր:
Հայտնի է, որ նրան են պատկանում «Դերժավա-Ս», «Սլավգրուպ» ընկերությունները, «Լաքոստ» ֆիրմային խանութը, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն և այլն: «Դերժավա-Ս»-ն Հայաստանում խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկն է, որը ներկրում է աշխարհում հայտնի բրենդների կոշիկ, հագուստ, հիգիենիկ պարագաներ, կոսմետիկա, օծանելիք, հրուշակեղեն, շոկոլադեղեն, պարենային ապրանքներ և այլն: «Սլավգրուպն» ընկերությունը Հայաստան է ներմուծում «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ: Մամուլում նաև տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավորը Իտալիայի կենտրոնում հյուրանոցառեստորանային համալիր է կառուցում:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Համբարձումյանին պատկանող «Դերժավա» ընկերությունը զբաղեցնում է շոկոլադի շուկայի 23 տոկոսը և իրացման ծավալներով առաջինն է ՀՀ-ում՝ գերազանցելով անգամ «Գրանդ Քենդիի» ծավալները: Այս ամենով հանդերձ՝ նրան պատկանող ընկերությունները երբեք չեն հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում:
«Դերժավայի Արկադի» պատգամավորական գործունեության մասին որևէ փաստ հանրությանը հայտնի չէ, սակայն մամուլում երբեմն տեղեկություններ են հայտնվում հարկային մարմինների հետ ունեցած նրա խնդիրների մասին: Մասնավորապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ է կատարել պատգամավորի անվան հետ կապվող «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում, հայտնաբերել է հարկային խախտումներ և դիմել դատարան: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ 2013թ. հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սևանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջևանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Դիլիջանի առողջարան» ՓԲԸ-ի բավարարել և այդ ընկերությունից պետբյուջե բռնագանձել 14 միլիոն 235 հազար 498 դրամ:

 

Այժմ անդրադառնանք ԱԺ պատգամավորի բուն աշխատանքին՝ քաղաքական գործունեությանը: Արկադի Համբարձումյանը ժամանակին պատգամավոր է դարձել ՕԵԿ ցուցակով, սակայն հարազատ կուսակցության՝ ընդդիմադիր դառնալուն զուգահեռ լքել է ՕԵԿ շարքերը և մտել «Գործարար» պատգամավորական խումբ: Այժմ կարկառուն խորհրդարանականը ՀՀԿ-ի հովանավորյալներից է, ՀՀԿ խմբակցության անդամ: Նրա պատգամավորական «բուռն» գործունեությունը արտացոլվել է նաև ժողովրդական բանահյուսության ժանրում: «Հրապարակ» թերթը գրել էր, որ վերջին խորհրդարանական ընտրություններում նրա կարգախոսը՝ «Ես մեկն եմ ձեզանից», ժողովուրդը վերախմբագրել էր այսպես. «Ես 5 տարին մեկն եմ ձեզանից»: Հետևելով նրա պառլամենտական գործունեությանը՝ անհնար է չհամաձայնվել ընտրատարածքի բնակիչների բանահյուսական բնորոշման հետ:

 

Եվ այսպես, հիմնախնդիրներով «հարուստ» թիվ 29 ընտրատարածքի պատգամավորը որևէ կերպ գրեթե չի հակադրվել կառավարության կողմից ԱԺ բերված օրինագծերին՝ 135 անգամ կողմ քվեարկելով և արտահայտելով ընդամենը մեկ «դեմ» դիրքորոշում: Հետաքրքիր է, որ երբևէ ձեռնպահ չի եղել որևէ հարցում, սակայն, ֆիզիկապես այդ պահին ներկա լինելով ԱԺ-ում, 17 անգամ չի մասնակցել քվեարկություններին՝ հավանաբար զբաղված լինելով հանուն ընտրատարածքի բնակիչների ներկուլիսային բանակցություններ վարելով: 43 անգամ, վստահաբար խիստ հարգելի պատճառներով, բացակայել է ԱԺ նիստերից: Ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկի պատգամավորը հավանաբար չի նկատել իրեն վստահած ընտրողների բազմաթիվ խնդիրները և դասվում է այն պատգամավորների թվին, որոնք երբևէ ելույթներ չեն ունեցել և կառավարությանն ուղղված հարցապնդումներով հանդես չեն եկել:

 

Հետաքրքիր է, բացի սեփական բիզնեսներին տանիք լինելուց, նմանատիպ պատգամավորների համար խորհրդարանը երբևէ քաղաքական և օրենսդրական գործունեության դաշտ լինելու՞ է, թե ոչ: Հակառակ պարագայում ԱԺ-ն դառնում է էլիտար ակումբ, որտեղ հայ ազգի մեծահարուստները հավաքվում են՝ երբեմն միմյանց որպիսությունն իմանալու և այնտեղից որևէ «օբյեկտ» սուրալու ու ազգի հոգսերը բաժակի մեջ խեղդելու վեհ առաքելությամբ: