Սեպտեմբերի 24-ին Նիդերլանդների Ռայսվայկ քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ Հայաստանից ժամանած «Կարին» ազգագրական երգի եւ պարի խմբի կատարմամբ՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ, արվեստի գործիչներ, գործարարներ եւ հայ համայնքի անդամներ:
Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակության մասին' շեշտելով, որ «հայ ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց իր արարելու հաստատակամությունը' չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը եւ կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր»:
ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ «Կարին» ազգագրական երգի եւ պարի խմբի համերգաշարը Նիդերլանդներում կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանության, Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու եւ Մաստրիխտի «Անի» համայնքի կողմից:
Համերգներ տեղի ունեցան նաև Ալմելոյում՝ սեպտեմբերի 19-ին, և Մաստրիխտում՝ սեպտեմբերի 21-ին: