Վերահսկիչ պալատը շարունակում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործման շինարարական աշխատանքների վերահսկողությունը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՎՊ մամլո խոսնակ Աննա Վարդանյանը: Թե ներկայումս ինչ խախտումներ են արձանագրվել, ՎՊ-ն դեռ չի հրապարակում: Ա.Վարդանյանի խոսքով՝ վերահսկողությունն ավարտելուց և արդյունքները ամփոփելուց հետո դրանք կներկայացվեն հանրությանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբին ՎՊ-ն հրապարակեց Հյուսիս-Հարավ ծրագրի Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին և Երևան-Արարատ ճանապարհահատվածների շինաշխատանքներում հայտնաբերված խախտումները, որոնք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը որակեց որպես «խայտառակություն»: Շինաշխատանքներն իրականացնող իսպանական «Իզոլյուքս կորսան», վերահսկող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ըներություններին մոտ 1 ամիս ժամանակ էր տրվել թերությունները վերացնելու համար, այլապես պետք է նոր մրցույթ հայտարարվեր: Սակայն վերջերս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ինքը հայտարարեց, որ «Հյուսիս-Հարավի» շինաշխատանքներում այժմ էլ առկա են որոշակի թերացումներ, թեև միաժամանակ աշխատանքների ընթացքը գնահատել էր «լավ»։