Tert.am Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի այցը Հայաստան և, մասնավորապես՝ Արցախ հոբելյանական է։ Նա հպարտությամբ է ներկայացնում իր 80-րդ այցը և հիշում առաջինը, որը պատերազմի ծանր տարիներին էր՝ 1991թ-ի մայիսին։
Բարոնուհի Քերոլայն Քոքսն այսօր մասնակցում էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո խոսեց Արցախի ու նրա ժողովրդի նկատմամբ իր սիրո, ստացած տպավորությունների, Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության ու իր սև ցուցակում հայտնվելու մասին։
«Ես շատ մեծ սեր ու համակրանք ունեմ Արցախի ժողովրդի հանդեպ, նրա համար, որ պատմական կռիվների ժամանակ ինչպես պաշտպանեցին իրենց ընտանիքներն ու հայրենիքը, և նաև այն բանի համար, թե ինչպես են հավասարության և ժողովրդավարության սկզբունքներով կառուցում այդ հայրենիքը»,- նշեց նա և ավելացրեց, թե ամեն այցից հետո ուրախությամբ է նկատում, թե ինչպես է մոխիրներից վեր հառնում Արցախը։
«Ես տեսա շատ գեղեցիկ շենքեր և միշտ ասել եմ ու ասում եմ, որ հայերը կարողանում են մոխիրներից հիմնել գեղեցկություն, և դա դուք կարող եք տեսնել Արցախում»,- ասաց նա։
Բարոնուհին կարծում է, որ վտանգավոր է Ադրբեջանի վարած քաղաքականությունը, երբ Ռամիլ Սաֆարովին հերոսացնում է՝ դրանով ատելություն սերմանելով իր երիտասարդների մեջ դեպի հայը։
«Կարծում եմ երկու բան կա, որ երբեք չպետք է մոռանալ. որ Հայոց բանակի սպան սպանվել է քնած ժամանակ և այդ դեպքը չպետք է երբեք մոռացվի պատմության ընթացքում, և երկրորդը՝ բոլորը, ում ես ճանաչում էի, խորը շոկ էին ստանում այն փաստից, որ Ադրբեջանն իր մարդասպանին արդարացնում և ընդունում է որպես հերոսի։ Ես շատ անհանգստացած եմ այն ուղերձի համար, որ Ադրբեջանը կարող է փոխանցել իր երիտասարդ սերունդներին, այսինքն՝ մարդասպանին վերաբերվել որպես հերոսի»,- ասաց նա։
Ինչ վերաբերվում է նույն դեմոկրատ Եվրոպայի մաս կազմող Հունգարիայի՝ մարդասպանին արտահանձնելու քայլին, ապա բարոնուհի Քոքսը նկատում է, որ Հունգարիայում նրան ցմահ բանտարկության էին դատապարտել, ինչը արդարացի պատիժ էր։
«Ես չգիտեմ ինչու է նա վերադարձել Ադրբեջան, բայց Ադրբեջանը խոստացել էր, որ Սաֆարովը շարունակվելու է բանտարկված մնալ Ադրբեջանում։ Ադրբեջանն է, որ կորցրել է վստահությունը բոլորի մոտ և իր տված խոսքը չի կատարել»,- ասաց նա։
Խոսելով Արցախ այցելուներին Ադրբեջանի «սև ցուցակում» ընդգրկվելու մասին, որի թվում է նաև ինքը, Քերոլայն Քոքսը ժպտաց, թե ինքը Ադրբեջանի նման որոշումը ծիծաղելի է համարում, միաժամանակ նշելով, թե դա նույնիսկ պատվի նշան է։
«Ես այդ մասին երկու կետով կարող եմ կարծիք հայտնել։ Նախ՝ Ադրբեջանը փորձում է սպառնալ և կանխարգելել այն մարդկանց այցը Արցախ, որոնք նպատակ ունեն և ծրագրում են այցելել։ Կարծում եմ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը վախենում է, որ մարդիկ կարող են իմանալ ճշմարտությունը։ Եվ երկրորդը՝ մեզանից շատերը, որոնք ընդգրկված են այդ ցուցակում՝ համարում ենք դա պատվի նշան։ Ես շատ հպարտ եմ, որ իմ անունն ընդգրկված է շատ պատվավոր մարդկանց հետ նույն ցուցակում, և ես դրան հումորով եմ վերաբերվում»,-ասաց նա։
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի բացման մտադրությանը, որը Ճգնաժամային խմբի զեկույցում հավասարեցվել է Սաֆարովի հերոսացնելուն, բարոնուհին նշեց, որ օդանավակայանի բացումն անհրաժեշտություն է, որպես հումանիտար օդային ճանապարհ։
«Հումանիտար նպատակներից ելնելով օգնություն տրամադրելու կամ հիվանդ մարդկանց արագ Հայաստան հասցնելու և մի շարք տեսանկյուններից ճիշտ կլիներ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը»,- նշեց նա։