Գիտնականների համաձայն, այժմ առկա է ավելի մեծ համոզվածություն այն մասին, որ գլոբալ տաքացման պատճառը մարդու գործունեությունն է:
Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի կողմից ուրբաթ օրը հրապարակված զեկույցում ասված է, որ «խիստ հավանական» է, որ գլոբալ տաքացման պատճառ է դարձել մարդու գործունեությունը: ՄԱԿ-ի մասնագետների այս հանձնաժողովի կողմից 2007 թվականին հրապարակված զեկույցում այն որպես «շատ հավանական» էր գնահատվում:
ԱՄՆ-ի արտգործնախարարը Ջոն Քերին որպես «գործունեություն ձեռնարկելու կանչ» է գնահատել Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի վերջին զեկույցը: Իր ուրբաթօրյա հայտարարության մեջ ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, թե «նրանք, ովքեր հերքում են գիտության հայտնագործությունները կամ գործունեություն ձեռնարկելուն արդարացումներ են որոնում, խաղում են կրակի հետ»:
Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի համանախագահի համաձայն, նոր զեկույցում ներկայացված տեղեկությունները վկայում են այն մասին, որ աշխարհում ծովի միջին մակարդակը, ինչպես նաև օդում ջերմոցային գազի պարունակությունը բարձրացել են:
ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը կանխատեսումներ է արել այն մասին, որ աշխարհում օդի ջերմաստիճանը և ծովի մակարդակը կշարունակի բարձրանալ: Փորձագետները զգուշացրել են նաև, որ երկրագնդում կավելանան չափազանց շոգ եղանակի, երաշտների և ջրհեղեղների դեպքերը: Նրանց համաձայն, գլոբալ տաքացման ազդեցությունը կտևի շատ ավելի երկար, քան ներկայիս սերնդի կյանքը, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»֊ը։
Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի կողմից ներկայացված գնահատականները կարևոր նշանակություն ունեն, քանի որ հիմք են հանդիսանում կլիմայի փոփոխությունների նոր համաձայնագրի շուրջ ՄԱԿ-ի կողմից անցկացվող բանակցությունների համար:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունն իր տեսաուղերձում նշել է, որ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի զեկույցը «անհրաժեշտ փաստաթուղթ» է այն կառավարությունների համար, որոնք աշխատում են 2015 թվականին կլիմայի փոփոխությունների համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Դեռևս սակայն անհայտ է, թե արդյոք այս պետությունները կստանձնեն ջերմոցային գազերի արտանետման այնպիսի ծավալների հասնելու պարտավորություն, որը, ըստ գիտնականների, անհրաժեշտ է՝ կլիմային հասցված վնասը նվազեցնելու համար: