ilur.am Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ներկայիս Ադրբեջանի հարավում 1993-ին հռչակված Թալիշ-Մուղանական հանրապետության նախագահ Ալաքրամ Հումաթզոդան (հումաթով): 1992-1993 թթ. լինելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ' նա ակտիվ մասնակցություն է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, սակայն այսօր Արցախում է, ինչպես ինքն է նշում'«տղամարդավարի կռվել է, հիմա էլ եկել է տղամարդավարի հաշտության ձեռք մեկնելու»:
«ԼՂՀ հռչակումը լավ օրինակ կարող է ծառայել թալիշների համար: Ապրելով մեր պատմական հողերում' այսօր մենք ոչ մի իրավունք չունենք, չունենք ուսումնական հաստատություններ, մեր երեխաներից շատերը չգիտեն մեր լեզուն, եւ հետզհետե ձուլվում ենք: Այսօր Ադրբեջանում ապրող թալիշները ենթարկվում են ազգային խտրականությունների, մասնավորապես' հայ-ադրբեջաական սահմանին հիմնականում ծառայում են թալիշները, թալիշների համար աշխատանք գտնելը շատ ավելի դժվար է, մեծ թվով թալիշներ պարզապես արտագաղթում են: Դա հատուկ է արվում Ադրբեջանի կառավարության կողմից' թալիշների հարցին պարզապես վերջ դնելու նպատակով»,- Ստեփանակերտում հրատարակվող «Ապառաժ» պարբերականին ասել է Ալաքրամ Հումաթզոդան:
Նա չի թաքցրել իր հիացմունքը' հույս հայտնելով, որ այլեւս պատերազմ չի լինի եւ տարածաշրջանում վերջնական խաղաղություն կհաստատվի:
Ալաքրամ Հումաթովը Ադրբեջանում մի քանի անգամ ձերբակալվելուց հետո քաղաքական ապաստան է ստացել Նիդերլանդներում, այժմ էլ բնակվում է այնտեղ: