168.am Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան կարող է սկսել արցունքաբեր գազի հայրենական արտադրություն: Ոչ վաղ անցյալում թուրքական ոստիկանությունը ստացել է Թուրքիայի գիտական ու տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) զեկույցը, որում նշված է սեփական արցունքաբեր գազ արտադրելու հնարավորության մասին:
Դրա հետ կապված՝ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ հաջորդ տարի համապատասխան ընկերությունների հետ բանակցություններ վարելու համար: Ոստիկանությունը պետք է հայտարարի մրցույթ, որի արդյունքներով էլ կորոշվի, թե որ ընկերությունն է արտադրելու հայրենական արցունքաբեր գազ:
Նշվում է, որ «Գեզի» այգու հետ կապված Թուրքիայում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ թուրքական ոստիկանությունը մի քանի շաբաթվա ընթացքում ծախսել էր երկու տարվա համար նախատեսած արցունքաբեր գազի իր պաշարները: Դրա պատճառով թուրքական ոստիկանությունը ստիպված էր եղել Բրազիլիայից ու Մեծ Բրիտանիայից (չպլանավորած) գնել 150.000 գազային նռնակ:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը բոլոր երկրներին, որոնք թուրքական ոստիկանությանը հատկացնում են անկարգությունների դեմ պայքարի միջոցներ, այդ թվում նաև արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, կոչ էր արել դադարեցնել բոլոր մատակարարումները: