Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:
ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված՝ համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկության քննարկման կարգի համաձայն, Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն ստանալուց հետո' 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողով, Կառավարություն և ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած անձինք: Նախագահի առաջարկությունն ԱԺ նիստում քննարկվում է արտահերթ: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի, իսկ հարակից զեկուցմամբ՝ պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարող են առաջարկ անել միայն Հանրապետության Նախագահի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ: Եզրափակիչ ելույթում Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը կարող է հանել կամ փոփոխության ենթարկել համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունները և առաջարկել՝ - ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը. - որոշման նախագիծը Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկներին համապատասխան վերջնական տեսքի բերելու նպատակով քննարկումը քվեարկության փուլում հետաձգել մինչեւ հաջորդ չորսօրյա նիստերի սկիզբը, որը համարվում է ընդունված առանց քվեարկության:
Եթե Հանրապետության Նախագահի ներկայացուցչի առաջարկով հարցի քննարկումը քվեարկության փուլում հետաձգվել է, ապա այն վերսկսվում է Հանրապետության Նախագահի ներկայացուցչի՝ մինչև 10 րոպե տևողությամբ ելույթով, որում նա կարող է առաջարկել ընդունել Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը:
Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է 24 ժամվա ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ: