aravot.am ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս հրավիրած ասուլիսում խոսելով Մաքսային միության մասին՝ քննադատեց այն բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք հստակ ու կոնկրետ չեն ասում, թե որն է ճիշտը՝ Մաքսային միությո՞ւնը, թե՞ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը: Նա վստահեցրեց, որ ինքն ասելու է ամեն ինչ, մյուս քաղաքական գործիչների նման բլեֆ չի անելու, որոնք չեն ուզում իրենց հարաբերությունները փչացնել ոչ ՌԴ-ի, ոչ Եվրոպայի հետ: Քանի որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես անդրադառնալով այս թեմային կոնկրետ չնշեց մեկը կամ մյուսը՝ Aravot.am-ը ՀԱԿ կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին հարցրեց՝ ընդունո՞ւմ են այդ քննադատությունը: Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Կա ճշմարտություն իր խոսքի մեջ պաշտոնյաների մասով, չեմ վիճում: Բայց մենք մեր հարաբերությունները ռուսների հետ փչացնելու խնդիր չունենք, պաշտոնյա չունենք: Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից այդ որոշմանը շատ խիստ գնահատական տրվեց: Ավելի խիստ եւ ավելի հստակ ոչ ոք չի արտահայտվել: Դրա մասին խոսում է այն հետաքրքրությունը, որ կար համացանցում իր ելույթի վերաբերյալ: Առհասարակ, երբ որ ես լսեցի պարոն Բագրատյանի մեկնաբանությունները, այդ խնդրի վերաբերյալ շատ հարցերում, կարծես թե, համընկնում էին մոտեցումները՝ Տեր-Պետրոսյանի ասածների հետ»: Վլադիմիր Կարապետյանին մեկ այլ հարց էր հետաքրքրում. «Հրանտ Բագրատյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել էր Սերժ Սարգսյանի հրավիրած միջոցառմանը: Այ, ես շատ կուզենայի Հրանտ Բագրատյանի կարծիքը լսել, թե ինչու ժողովուրդն այլ կերպ է նշում, իսկ ինքը նախընտրեց գնալ այդ միջոցառմանը: Ինձ հետաքրքիր կլինի լսել իր մեկնաբանությունը»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, դա քննադատելի՞ եք համարում՝ նա պատասխանեց. «Ցանկացած պարագայում դա ինձ համար նորություն էր, զարմանալի էր: Ես կուզեի մի տեղ ծանոթանալ իր մոտեցմանը, թե ինչու ինքը նախընտրեց գնալ Հանրապետականների հետ նշելու մեր անկախության տոնը, ոչ թե այդ տոնն այս ժողովրդին բերող քաղաքական ուժերի ու քաղաքական գործիչների հետ»: