«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ տոնակատարության միջոցառումների կազմակերպման շրջանակում մայրաքաղաքում կտեղադրվի ու կկահավորվի 30 բեմ: Հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքները:

Նշվել է նաև, որ տոնակատարության երկու օրերին նախատեսված բազմաբնույթ միջոցառումների մասին առավել հանգամանալից կներկայացվի հոկտեմբերի 3-ին նախատեսվող մամլո ասուլիսի շրջանակում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական միջոցառումների անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով ծրագիրը քննարկել նաև համապատասխան կառույցների հետ:

Մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է հատուկ ուշադրություն դարձնել նաև տնտեսվարողների կողմից իրականացվող աշխատանքներին՝ դրանք տոնին առավել համահունչ ձևավորելու նպատակով: