Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Գլխավոր դատախազի նշանակման հարցը:
Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Գևուրգ Կոստանյանին Հայաստանի դատախազի թեկնածու առաջադրելու մասին ամենատպավորիչ մեկնաբանությունը լսել եմ փաստաբանների մի խմբում: Նրանք ասում էին. «Երբ մտածում էին, թե Սերժ Սարգսյանը ում կարող է գլխավոր դատախազի թեկանածու առաջադրել, որ Աղվան Հովսեփյանից ավելի վատ լինի, եզրակացությունը միանշանակ էր. դա կարող է լինել միայն Գևորգ Կոստանյանը»:
Ինձ համար խնդիր էր, իհարկե, հասկանալ, թե որքան է օբյեկտիվ նման գնահատականը մի մարդու հասցեին, ում մասին նույնիսկ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ են դիֆերանտներ ձոնում, նրանք տպավորված են թերևս նրանով, որ Կոստանյանը դիպլոմ ունի Նոթինգհեմի համալսարանից, բայց ասված է' ծառը պտուղից են ճանաչում, և Կոստանյանի դատախազական կերպարն ընկալելու համար նախ պետք է ուսունասիրել պտուղները, որ նա տվել է Հայաստանի Զինվորական դատախազ լինելու այս ընթացքում:
Այդպիսի ամենահայտնի պտուղը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցածի նախաքննությունն էր, և այդ պտուղից վատ հոտ է փչում:
Կոստանյանը, որ պիտի վերահսկեր գործի նախաքննությունը' որպես զինվորական դատախազ, դեպքից անմիջապես հետո արել է նախաքննության ընթացքը կանխորոշող հայտարարություններ, պնդելով, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել, արյունահեղության ողջ ընթացքում: Սրանից հետո կարծիքներ են հնչել, թե Կոստանյանը նպատակ է հետապնդել 2013-ի հունիսի 1-ի գորիսյան արյունոտ գիշերվա դեպքերից դուրս դնել Սերժ Սարգսյանի հովանավորյալ Սուրիկ Խաչատրյանին:
Հիմա հարց' կա՞ն արդյոք փաստեր, որ վկայում են այս մասին: Ելույթիս ընթացքում կներկայացնեմ այդպիսի 4 փաստ:
Փաստ առաջին. Դեպքի վայրում կյանքից զրկված Ավետքիք Բուդաղյանի ստացած ամենածանր վնասվածքը, որ քրգործում անվանվում է թիվ մեկ վնասվածք, ըստ փորձաքննության' ունի վերևից ներքև ուղղություն։ Ենթադրվում է, որ սույն վնասվածքը հասցվել է մի անձի կողմից, ով կրակոց է արձակել վերևից, ասենք' երկրորդ հարկից կամ տանիքից: Հատուկ կարևորություն է ստանում այն, որ ժամանակագրական առումով սա Բուդաղյանի ստացած վերջին վնասվածքն է, որից հետո արդեն, ըստ դատաբժշկական փորձաքննության, նա այլևս չէր կարող նպատակաուղված գործողություն կատարել, և որից հետո, ըստ տեսագրությունների, հայտնվում է գետնին:
Փաստ երկրորդ. Նախաքննությունը հաստատված է համարել այն, որ ինչպես մյուս, այնպես էլ թիվ մեկ վնասվածքը Ավետիք Բուդաղյանին հասցրել են Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանն ու թիկնապահ Զարզանդը: Գևորգ Կոստանյանի' երեկ իմ հարցին տված պատասխանով սակայն, հաստատվեց, որ նախաքննության մարմինը պատշաճ ձևով չի նույնականացրել Բուդաղյանի ստացած 4 հրազենային վնասվածքներից որ մեկը կոնկրետ ով է հասցրել, որ պահին, որ դիրքով:
Պատշաճ նույնականացումը կպարզեր, որ ի տարբերություն մյուս վնասվածքների' թիվ մեկ վնասվածքը, որ, ըստ էության, դարձել է Բուդաղյանի մահվան հիմանկան պատճառ, չէին կարող հասցված լինել ո'չ Տիգրան Խաչատրյանից, ո'չ Զարզանդ Նիկողոսյանի կողմից, որովհետև գործի նյութերի համաձայն' դեպքերի ողջ ընթացքում նրանք եղել են տան բակում, Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթություն-բարձրության վրա, և չէին կարող կրակել այնպես, որ Բուդաղյանը ստանար վերևից ներքև վնասվածք:
Փաստ երրորդ. Եթե հիշում եք, դեպքից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանենք տարածեցին իրենց տան տեսախցիկների տեսագրությունը' հիմնավորելու համար դեպքերի իրենց վարկածը: Տարօրինակ է սակայն, որ տարածվեց տեսագրության անձայն տարբերակը. սա չէր կարող պատահականություն լինել: Ուշադրությամբ զննելով ահա տեսագրության' ձայն ունեցող տարբերակը, կարձանագրենք արտառոց մի փաստ, որ կարող է լրջորեն հիմք դառնալ' քննարկելու այն փաստը, թե Սուրիկ Խաչատրյանն իրադարձությունների պիկին քնած չի եղել:
Տեսագրությունների ժամը 23.07.55-ից երևում է, որ Ավետիք Բուդաղյանը դեպի Խաչատրյանների տան մուտքն է վազում Տիգրան Խաչատրյանի և Զարզանդի ետևից, ովքեր մարդկանց խմբի հետ նահանջում են: Բայց 23.08.05-ին տեղի է ունենում անսպասելի մի բան. Բուդաղյանը շրջվում է և ետ է դառնում, մի քանի մետր հակառակ ուղղությամբ քայլելուց հետո էլ ստանում է ճակատագրական թիվ մեկ վնասվածքը:
Տեսագրության ձայն ունեցող տարբերակի ուշադիր զննությունը յուրաքանչյուրի համար ակնհայտ կդարձնի, որ 23.08.04-ին ինչ-որ մեկը ձայն է տալիս Ավետիք Բուդաղյանին, գոռալով' Ավետ, հենց այս կանչը լսելով է Բուդաղյանը ետ դառնում: Նախաքննության մարմինը չի պարզել' ով է կանչողը: Կոստանյանը երեկ, իմ հարցին ի պատասխան, ասում է' էական չէ, թե ով է կանչողը: Ես պնդում եմ, որ էական է, որովհետև եթե պարզվի, որ Սուրիկ Խաչատրյանն է, իսկ դա շատ հավանական է թվում, իրադարձությունների մասին Կոստանյանի առաջարկած վարկածը' Խաչատրյանի' քնած լինելու մասին, գլխովին կջախջախվի:
Փաստ չորրոդ. Տեսագրության մեջ 23.08.10-ին տեսնում ենք կայծեր ասֆալտի վրա' Բուդաղյանի դիմաց: Չի բացառվում, որ այդ կայծերն առաջացել են Բուդաղյանին թիվ մեկ վնասվածք հասցրած կրակոցի երկվորյակ կրակոցից: Թերևս, փամփուշտներից մեկը կպել է Բուդաղյանին' պատճառելով թիվ մեկ վնասվածքը, իսկ մյուսը, բախվելով ասֆալտին, ետադարձ կայծեր է հարուցել. ուրեմն կրակոցը կրկին հնչել է վերևից' մեծ անկյան տակ:
Հարց, արդյոք ասֆալտի կայծեր հարուցած այդ հատվածը զննությա՞ն է ենթարկվել: Պարզվում է' նախաքննության մարմինն ասֆալտի վրա հրազենային բնույթի վնասվածք չի հայտնաբերել:
Քննիչ Ղազարյանը Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ դա բացատրում է հետևյալ կերպ.
«Ասֆալտապատ ճանապարհի տվյալ տեղամասը երթևեկելի հատվածում է, ինչի հետևանքով վնասվածքը կարող է պահպանված չլինել, բազմաթիվ օտար ներգործությունների հետևանքով, ենթարկվելով հնարավոր ձևաչափային և կառուցվածքային փոփոխությունների»:
Այսինքն' վնասվածքը նախաքննության ընթացքում անհետացել է։ Այսպիսով' վերը նշված փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած գործը վարող մարմինը' զինդատախազ, ներկայումս ՀՀ գլխավոր դատախազի Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է' շրջանցելու, լղոզելու համար այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել այն վարկածը, թե 2013-ի հունիսի մեկին Բուդաղյանի մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, նույն փաստերը կարող էին նաև վկայել, որ գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, ինչպես տեղի ունեցածը որակվել է պարոն Կոստանյանի ղեկավարությամբ, այլ' Ավետիք Բուդաղյանին դիտավորությամբ սպանելու փաստի հետ:
Տիկնայք և պարոնայք, իրավական երկրում այսպիսի փաստերի առկայությամբ Կոստանյանին ոչ թե ՀՀ գլխավոր Դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ զինդատախազի նրա պաշտոնավարումը կկասեցնեին և կքննարկեին որպես կասկածյալ ներգրավելու հարցը, բայց ունենք այն, ինչ ունենք, և ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի' Նոթինգհեմի դիպլոմով տեսակը:
Եվ ուրեմն, ես դեմ եմ քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը' վերընշված պատճառներով»: