Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի և խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոևի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ շնորհավորել է հյուրերին խուլերի միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և խուլերի միավորման միջև սերտ համագործակցություն է ձևավորվել, ինչի վկայությունը կյանքի կոչված մի շարք ծրագրերն ու համաքաղաքային ծրագրերին խուլերի միավորման անդամների ակտիվ մասնակցությունն է:

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և մշտական աջակցության համար՝ Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն ու հանդիպմանը ներկա ռուսական «Թվային տեխնոլոգիաներ համրերի համար» ընկերության նախագահ Օլեգ Լիպստրը ներկայացրել են Ռուսաստանի մի շարք երկրամասերում ներդրված մի ծրագիր, որի շնորհիվ համր մարդիկ տեսահեռախոսների միջոցով կարողանում են հաղորդակցվել ժեստերի լեզվով, իսկ հատուկ հարմարեցված տերմինալների միջոցով հնարավորություն է ընձեռվում հաղորդագրություններ ուղարկել օպերատորին և, անգամ գտնվելով անծանոթ քաղաքում, տեղեկություններ ստանալ մատուցվող այս կամ այն ծառայության կամ հարցի շուրջ:

 

Խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոևը վստահեցրել է, որ ներդրված համակարգը մեծ արդյունավետություն ունի և զգալիորեն հեշտացրել է խուլ ու համր քաղաքացիների կյանքը: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել ծրագրի տեխնիկական և մյուս բաղադրիչները' առաջիկայում Երևանում նմանատիպ դիսպետչերական կենտրոն հիմնելու համար: Ռուսական պատվիրակության անդամներն էլ տեղեկացրել են, որ Մոսկվայում հայ օպերատորների վերապատրաստման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա ռուսական կողմը:

 

Հանդիպման ավարտին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները մշտապես պատրաստ են աջակցել խուլ և համր մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը և շարունակական ծրագրերի միջոցով նրանց հասարակությանը լիարժեք ինտեգրելուն:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն