Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մայիլյան 2-րդ բարձրահարկ շենքի (նախկին 15/16 շենք) բնակիչների մոտ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները բողոքում են, որ Երևանի քաղաքապետարանի ու Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուներն առանց իրենց գիտության շենքի տանիքին փորձում են տեղադրել Էրեբունի-Երևան տոնակատարության խորհրդանշող թվերը:

 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներից Լիլիթ Այվազյանը արդարացիորեն հայտնում էր, որ իրենք մտավախություն ունեն, որ տանիքի վրա այդ ամենը տեղադրելուց հետո անձրևաջրերն ու ձյան հալոցքից առաջացած ջրերը կլցվեն իրենց բնակարանները, ինչի հետևանքով էլ տարիների ընթացքում շենքը կդառնա վթարային: Բնակիչները հայտնում են, որ իրենք իրենց ուժերով վերանորոգել են տանիքը՝ այն դեպքում, երբ մի քանի անգամ դիմել են վարչակամ շրջանի ղեկավարությանը, սակայն այնտեղից հայտնել են, թե միջոցներ չունեն տանիքը վերանորոգելու համար. դա բնակիչների պարտականությունն է, իսկ հիմա, երբ իրենք բողոքում են տեղադրվող թվերի համար , ասում են, թե տարածքը պետությանն է պատկանում:

 

Բնակիչները հորդորում և խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի թվերը տեղադրվեն ավելի ապահով մի տեղում և մատնացույց են անում տանիքին կառուցված մեկ այլ շինություն, սակայն տեղադրողները պատասխանում են, թե «10 օրվա համար հո էդքան գործ չե՞նք անելու» : Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վտանգը շատ մեծ, քանի որ թվերը տեղադրելուց հետո անձրևաջրերը միանշանակ կլցվեն բնակարանները, ու կստացվի, որ «ունքը սարքելու տեղը պատկան մարմինները աչքն են հանում»:

 

Նշված շենքը 12 հարկանի է և ունի 132 բնակարան: Ըստ բնակիչների՝ «թաղապետարանը միշտ խաբում է և հիմա էլ կխաբի, ինքչան էլ որ թաղապետի տեղակալը խոստումներ է տվել, թե ամեն ինչ կլինի իդեալական»: Բնակիչները պատրաստվում են նամակով դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ չեն վստահում վարչական շրջանի ղեկավարությանը, ու եթե հարցը դրական լուծում չստանա, բողոքի ակցիա են անցկացնելու քաղաքապետարանի, իսկ հետո՝ կառավարության շենքի առջև: 

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքն՝ այստեղ