Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում փոփոխություն է լինելու' պայմանավորված ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահվածքով:
Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ակտիվորեն քննարկում եւ քննադատում են պատգամավորի պահվածքը: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անընդունելի է պատգամավորի պահվածքը: «ԱԺ նախագահի լիազորությունն է սա, Ժառանգությունը պետք է որոշի' ձեռնտու է արդյո՞ք փոփոխությունը: Արձագանքները ինչպիսի՞ն կլինեն ներսում, թե դրսում, եւ իրենք պետք է դիմեն Ժառանգություն խմբակցությանը, եւ ըստ այդմ դա նաեւ իրենց լիազորությունն է»:
Հարցին, թե պատգամավորը իր կարծիքն է հայտնել, հնչել է հետևյալ պատասխանը. «Մարդը իհարկե կարծիք հայտնելու իրավունք ունի, բայց այդ կարծիքում որոշակի սահմանափակումներ պետք է լինեն: Ինձ համար անընդունելի է, իսկ նրա համար գուցե ընդունելի է»:
Ընդհանուր առմամբ, ըստ պատգամավորի, այս հարցը պետք է քննարկի նախ եւ առաջ Ժառանգություն կուսակցությունը, իսկ վերջնական եւ միանձնյա որոշումը ԱԺ նախագահինն է:
Մեկ այլ հարցին, թե եղան տեսակետներ, որ Հայաստանի կեղտոտ սպիտակեղենը չպետք է դուրս հանել, սա նշանակում է, որ երկրի ներսում ամեն ինչ կարելի է անել, իսկ դրսում ոչինչ չասել, Աղվան Վարդանյանը ասել է. «Ես նման մոտեցմանը իհարկե համաձայն չեմ, բայց Հայաստանում այնքան խնդիրներ կան, բայց ամեն դեպքում ինձ համար անընդունելի է»:
Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը սպասում է Զարուհու վերադարձին, որպեսզի լսի նաեւ իր տեսակետը: Ռ. Հակոբյանը հայտնեց, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե հիշյալ հարցը Զ. Փոստանջյանը համաձայնեցրել է իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե դուք նման հարց կուղղեի՞ք, Ռ. Հակոբյանը ասել է, որ ոչ:
Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ով շուտով Գերմանիայում նշանակվելու է ՀՀ դեսպան, եւս լրագրողների հետ զրույցում դատապարտեց Զարուհի Փոստանջյանի պահվածքը եւ Սերժ Սարգսյանին ուղղված հարցը: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե պատասխանում Սերժ Սարգսյանը նշել է, որ կազինո չի գնում եւ այդքան գումար չունի, հավատո՞ւմ եք, Վ. Հովհաննիսյանը ասել է. «Ես Սերժ Սարգսյանի հետ կազինոյում չեմ եղել, իրան կազինոյում չեմ տեսել եւ գնահատական տալու, կամ հավատալ- չհավատալու բարոյական ոչ մի իրավունք չունեմ»: Դաշնակցական գործչին հիշեցրեցին, որ կազինոյում գումարներ տանուլ տալու մասին ժամանակին խոսում էր այն ժամանակ ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը, ինչպես կմեկնաբանեք, նա արձագանքել է. «Վիկտոր Դալլաքյանին վերաբերող հարցերը կարող եք ուղղել նրան»: