ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածության քվեարկության ժամանակ խմբակցության անդամները ազատ են լինելու, ինչն էլ և արել է:
Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե մինչ լրագրողները հետաքննում են, իսկ որոշ քաղաքական գործիչներ դատափետում են «Հայ ազգային կոնգրես» խմբակցությանը, քանի որ ՀԱԿ յոթ պատգամավորի առկայության դեպքում քվեատուփում հայտնվել է ընդամենը երեք «դեմ» ձայն, ստացվում է, որ ՀՅԴ–ը ևս կողմ է քվեարկել, ինչի մասին ՀՅԴ–ականները լռում են:
«Դաշնակցությունը ազնվորեն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ մեր խմբակցության պատգամավորներն ազատ են լինելու իրենց քվեարկության մեջ»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ չհամաձայնելով դիտարկման հետ, «որ այսինքն՝ ազատ, բայց կո՞ղմ»։
«Ինչ է նշանակում՝ ազատ, բայց կողմ»,- հարցրեց Աղվան Վարդանյանը և ավելացրեց.«Նշանակում է ազատ՝ համաձայն մեր որոշման, իսկ թե ինչպես են քվեարկել՝ դա արդեն փակ, գաղտնի քվեարկությունով է»:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցել էր 108 պատգամավոր, որից դեմ էին քվեարկել 3-ը, ևս 2 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։
Նշենք, որ «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել էր, թե հաշվիչ հանձնաժողովին հաջողվել է մոտ 20 «դեմ» քվեաթերթիկ վերածել «կողմի», և Լյուդմիլա Սարգսյանը չէր բացառել, որ հանձնաժողովի մյուս անդամները կարողացել են մյուս «դեմ»-երը դնել «կողմ»-երի տրցակի հետ:
Նշենք, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ՀՅԴ-ն ներկայացնում է Արծվիկ Մինասյանը:
Աղվան Վարդանյանը նկատեց, որ յուրաքանչյուր քվեարկությունից առաջ խմբակցությունը հաշվիչ հանձնաժողովում իր ներկայացուցչին փոխանցում է այն մոտեցումը, որ պետք է ապահովվի քվեարկության օբյեկտիվությունն ու թափանցիկությունը» և որևէ կեղծիք թույլ չտրվի: Ինչով էլ առաջնորդվել Արծվիկ Մինասյանը: